Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել երեկ եւ այսօր Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի վերաբերյալ:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում
Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:
Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։
Հայկական կողմից կորուստներ չկան:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Պաշտպանության նախարարը դեսպան Կասպրշիկի տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի' ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում' արձագանքել ըստ անհրաժեշտության' ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:
Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանականզինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։
Ադրբեջանական կողմի կորուստների և իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: