«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այս շաբաթ վարչապետ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ երկարաձգելու է արտակարգ դրությունը։ Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրության 120 հոդվածի 1. կետի համաձայն՝ «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին», այսինքն արտակարգ դրությունը հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում։
Արտակարգ դրությունը, սակայն, այս չորս շաբաթների ընթացքում կառավարության կողմից օգտագործվել է մի շարք խիստ վիճահարույց գործողությունների համար՝ ընդունվել է Գույքահարկի մասին օրենքի փոփոխությունները, որով մոտ 4 անգամ կաճի գույքահարկը, անձեռնամխելիությունից զրկվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ-ն հապճեպ և Սահմանադրության պահանջների խախտմամբ փոփոխություններ է ընդունել Սահմանադրության 213 հոդվածում, երեկ Կառավարությունը հաստատել է արտակարգ դրության պայմաններում մասնավոր բուժհիմնարկները Առողջապահության նախարարության անմիջական ենթակայության տակ դնելու մասին օրենքի նախագիծը, և այլն։ Նորմալ պայմաններում, սրանցից յուրաքանչյուր բողոքի ալիք կբարձրացներ հասարակության տարբեր հատվածներում, սակայն արտակարգ դրության պայմաններում բողոքի դրսևորման հնարավորությունները սահմանափակ են, և Կառավարությունը անարգել առաջ է մղում իր օրակարգը։
Հիմա էլ, փորձելով արդեն 5-րդ անգամ երկարաձգել արտակարգ դրությունը, Կառավարությունը ենթադրաբար փորձելու է առաջ մղել հերթական վիճահարույց նախաձեռնույթունները, դրանց պակասը չկա։ Ավելին, չունենալով արդյունավետ ընդդիմություն Ազգային ժողովում, այն կարող է շարունակաբար բոլորիս պահել արտակարգ դրության պայմաններում, համավարակն էլ օգտագործել որպես դրա ֆորմալ հիմնավորում։ Այս ամենին հակազդելու միակ ձևը մեր դժգոհությունը հայտնելն է, ավելի և ավելի կտրուկ միջոցներով։ Ես նորից քվեարկություն եմ բացում այս հարցով, զուգահեռ մենք կմտածենք, թե իրավական դաշտում ինչպիսի լրացուցիչ միջոցներ կան՝ հակազդելու այս անվերջանալի արտակարգ դրությանը»։