Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու հերթական միջնորդությունը մերժվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Միքայել Մինասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը։
Նա, մասնավորապես, գրել է. «Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը։
Նշված միջնորդության մասին դեռեւս առիթ կունենանք խոսել։ Կարող եմ ասել միայն, որ այն ավելի ապօրինի եւ անհիմն էր, քան նախորդ միջնորդությունը։
Սպասվու՞մ են, արդյոք, Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություններ։ Համոզված եմ, որ այո։
Արդյո՞ք դրանք կլինեն ավելի ապօրինի եւ անհիմն, քան նախորդ միջնորդությունները։ Նույնպես կասկած չունեմ։
Արդյո՞ք քննչական մարմինների հետ համատեղ Միքայել Մինասյանի վերաբերյալ տեսանյութեր պատրաստող հանրային հեռուստաընկերությունը եւ «Ազատություն» ռադիոկայանը երկրորդ անգամ անընդմեջ չեն լուսաբանի Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության մերժումն անհիմն եւ ապօրինի լինելու հիմքով։
Պատասխանը ցավալիորեն ակնհայտ է»։