Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մեր պատմության մասին գրքերի մեծ մասը կարող եք չընթերցել (մանավանդ, որ դրանք ձևի, այլ ոչ թե բովանդակության մասին են)։ Բոլոր հարցերի պատասխանները աչքներիդ առաջ է։

Հայ պատմաքաղաքական միտքը, որպես կանոն, սիրում է դրսում մեղավորներ փնտրել՝ ըստ սեփական արտաքին կողմնորոշման և ըստ պատվիրատուի ճաշակի։

Սխալներից հետևություններ չեն արվում, իսկ ճիշտը սխալ է մատուցվում։ Արանքում տուժում է պետությունն ու ժողովուրդը, բայց դա ո՞ւմ է հետաքրքիր։

Պարզ է, չէ՞, թե ինչու ենք դարեր շարունակ զրկվել պետականությունից։ Ինչու է եղել ցեղասպանությունը և ինչու չենք կարողացել դա թույլ չտալ։ Ինչու ենք 1920–ին պետություն կորցրել։ Ինչու ենք Սովետի ժամանակ ռուս բոլշևիկներից էլ «բեթար» բոլշևիկ դարձել, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ Ադամ Սմիթից ավելի լիբերալ։ Մի դեպքում այլասերել ենք սոցիալիզմի, իսկ մյուս դեպքում՝ կապիտալիզմի գաղափարները։

Երբ քաղաքականության մասին ասված բազում խոսքերից վերցվում է միայն «քաղաքականությունն անբարոյականություն է»–ն, տակը մնում են փլատակներ։

Նորանկախ Հայաստանն այլասերվեց, իսկ քաղաքական կյանքն անբարայոկան դարձավ այն պահից, երբ «Ղարաբաղյան» անունը կրող շարժման և «Ղարաբաղ» անունը կրող կոմիտեի առաջնորդներից մեկը Հայաստանի զարգացման խոչընդոտ համարեց … Ղարաբաղի խնդիրը։

Եթե նույնիսկ նա այդպիսի եզրահանգման էր եկել, ապա միևնույն է բարոյականությունը և քաղաքական պատասխանատվությունը պահանջում էր ներողություն խնդրել և հեռանալ, այլ ոչ թե այլասերվածությունը դարձնել բրենդ ու քաղաքական ճաշակ թելադրել։

Դրա համար էլ պատերազմի հաղթանակն անտեր մնաց, մինչդեռ աշխարհում ընդունված է պարտությանը որբ թողնել։

Քաղաքականությունն անբարոյականություն չէ։ Այն այդպիսին է դառնում անբարոյականների միջոցով։ Պետք է, հետևաբար, ակունքը մաքրել։ Հակառակ դեպքում միշտ կստանանք այսօրվա պատկերը։

Ես հավատում եմ հոգևոր, անվտանգ, բարեկեցիկ ու բարոյական Հայաստանի գաղափարին։ Ով չի հավատում ու քաղաքականությունը դիտարկում է որպես այլասերվելու հնարավորություն, պետք է չզբաղվի քաղաքականությամբ»։