Միքայել Նահապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Շատ կարևոր մի բանի մասին եմ ուզում գրել։
Կան չէ՞ էդպիսի մանրուքներ, սիմվոլիկ նշաններ որոնք արտահայտում են երկրում տեղի ունեցող երևույթների խորքային կողմերը։
Ասենք Մարտի 1-ի ողբերգությունը շատ մեծ էր, բայց կատարյալ լկտիություն էր դրանից 40 օր հետո Սերժի երդմնակալության օրը գունավոր օդապարիկներ երկինք բարձրացնելը, Քոչարյանի կառավարման տարիները հազար ու մի աղետ էին պարունակում, բայց հունից հանում էր կանգառներում աշխատավոր կանանց ջիպերով նվաստացնող պորճի լակոտների վարքը, Լևոնի կառավարման տարիների մասին հազար լուրջ բան կարելի է ասել, բայց կյանքում չի մոռացվի, որ աղքատ ժողովրդի վրա «ագնետուշիծել» էին ծախում ու չառնողին 50 դոլար տուգանում էին։
Այ հիմա, Նիկոլ Փաշինյանի կառավարության մասին էլ հազար լուրջ քննադատություն կարելի է հնչեցնել, բայց կա նշանային մի բան, որը բնութագրում է պատահաբար աթոռին հայտնված մարդկանց դեգրադացիայի ամբողջ խորությունը։
Լուսանկարում կառավարական համարանիշերով մեքենաներն են՝ Էդուարդ Աղաջանյանին պատկանող ակումբի դիմաց, ՄԱՅԹԻՆ կայանված։ Ծառայողական մեքենաները, ոչ աշխատանքային ժամին, զվարճանքի օբյեկտի դիմաց, կայանված են մայթին։ Ու նույն տեսանյութում, որից վերցված են այս լուսանկարները, կա մի քանի դեպքի արձանագրություն, որ հաճախորդներին մասսայաբար ՀԴՄ կտրոն չեն տրամադրում, իսկ ով բողոքում է՝ առաջարկում են «հյուրասիրություն»։
Սա հանցանք չի, սա դատվելու բան չի, բայց սա քաղաքական դեգրադացիայի ու քաղաքական վախճանի սկիզբն է։ Նիկոլ Փաշինյանի զինակիցները ասեղներով մտել են նրա քաղաքական հեղինակության երակը ու հարբեցողության մեջ են։ Պարո՛ն վարչապետ, ես գիտեմ, որ Ձեզ տեղեկանքներ են ուղարկում իմ ու այլ մարդկանց գրառումների վերաբերյալ և ուղարկում են մի քանի կառույցներից։ Հետևաբար հետայսու համողված եմ, որ Դուք տեղյակ եք սրա մասին։ Հանե՛ք այս մարդուն, որովհետև այն ինչ ինքն է անում՝ մտածողություն է, իսկ դա սաստելով կամ տուգանելով չեք փոխի, հանեք նրան իր այս կոմֆորտ կարգավիճակից ու ուղարկեք այտեղ, որտեղ կար մինչև 2018-ի ապրիլը, հակառակ պարագային ես սա ընկալելու եմ, որպես հովանավորչություն։ Չէ՞ որ Քոչարյանն էլ անձամբ փողոցներում լկտիություններ չէր անում»։