Հուլիսի 1-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Օգտատեր Նարինե Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տարածել Երևան Մոլից և գրել է. «Երևան մոլում արտակարգ իրավիճակ է։ Քարֆուրի ուղղությամբ քայլելիս միացավ անվտանգության ուժգին շչակը։ Մարդկանց տարհանեցին։ Շենքին մոտեցան ԱԻՆ-ի, շտապ օգնության, ոստիկանական մեքենաները։ Պատճառները դեռ անհայտ են։ Մարդիկ, ցրվելու փոխարեն, կուտակվեցին իրար մոտ»։