1933 թվականին Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար հայազգի Ռուբեն Ղուկասի Ռուբենովին հաջորդեց Միր Ջաֆար Բաղիրովը, ում նշանակումը չէր կարող անցնել առանց Բերիայի աջակցության ու Ստալինի համաձայնության:
Պաշտոնավարման քսան տարիների (1933-1953) ընթացքում Բաղիրովը ներկայանում էր որպես «ադրբեջանական ժողովրդի հայր»: Հաճախ հայտարարում էր, թե ֆաշիզմի դեմ տարած հաղթանակն ադրբեջանցի նավթագործների շնորհքն է: Բաղիրովին անվանում էին «տեղական Ստալին»։ Նրա կառավարման շրջանում Ադրբեջանում բռնաճնշումների ենթարկվեցին տասնյակ հազարավոր մարդիկ՝ գերազանցապես հայեր, քրդեր, լեզգիններ ու թալիշներ։
Երբ Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը նամակով դիմեց Ստալինին' Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի կազմի մեջ մտցնելու առաջարկով (1945 թ. նոյեմբերի 11), Բաղիրովը նույն թվին նամակ գրեց ՀամԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար Մալենկովին, որտեղ մասնավորապես ասված էր. «ԼՂԻՄ-ի վերադարձման հարցում դեմ չեմ, բացառությամբ Շուշիի շրջանի, պայմանով, որ Ադրբեջանի կազմի մեջ մտցվեն Հայաստանի գերազանցապես ադրբեջանցիներով բնակեցված Ազիզբեկովի, Վեդիի ու Ղարաբաղլարի շրջանները (1937-1948 թթ. Վեդիի շրջանի արևելյան հատվածը առանձնացված էր որպես Ղարաբաղլարի շրջան)»:
Ստալինի մահը նշանավորեց ստալինյան դարաշրջանի ավարտը, որին հետեւեց Բերիա-Բաղիրով քաղաքական առանցքի դատապարտումը: Ես հիշում եմ Բաղիրովի դատավարությունը, որին ներկա էի որպես Արցախի պատվիրակության անդամ։ Դատի ժամանակ ռազմական տրիբունալի նախագահի ու գլխավոր մեղադրող Ռ. Ա. Ռուդենկոյի խաչաձեւ հարցաքննությամբ պարզվեց, որ Բաղիրովը ծրագրած է եղել Ադրբեջանին միացնել Դաղստանը, իսկ ինքը, Ստալինն ու Բերիան որոշած են եղել 1953-ի ամռանը կազմակերպել Հայաստանում բնակվող հայության մի նոր վիթխարի բռնագաղթ, որով արդեն հանրապետության բնակչությունը պիտի կրճատվեր, դառնար մեկ միլիոնից էլ պակաս, որպեսզի զրկվեր միութենական հանրապետության իրավունքներից:
– Ուրեմն Հայաստանը պիտի բաժան-բաժան արվեր, միացվեր հարեւանների՞ն. այդպե՞ս պիտի հասկանալ,- հարցրեց ռազմական տրիբունալի նախագահը:
– Այո՛,- անվրդով պատասխանեց Բաղիրովը,- ծրագիրը խափանվեց միայն Ստալինի մահվան պատճառով:
– Բայց ո՞րն է հիմքը, ի՞նչն էր միավորում ձեր ու Ստալինի տրամադրությունները,- այս հարցն էլ տվեց գլխավոր մեղադրող Ռոման Ռուդենկոն:
– Ես Ադրբեջանի ղեկավարն էի՝ շահագրգռված նրա ամեն տեսակ հզորությամբ: Կրեմլին ձեռնտու էր Արեւելքում, մահմեդական աշխարհի նախադռանը, ունենալ Ադրբեջանի պես հզոր ու հավատարիմ մի հենարան-հանրապետություն,- դարձյալ անվրդով ու հանգիստ պատասխանեց եռյակ դահճապետության վերջին ներկայացուցիչը։
Բերիայի ոճրագործություններին հանցակից լինելու մեղադրանքով 1954 թ. Մ. Ջ. Բաղիրովը ձերբակալվեց, իսկ 1956 թ. մայիսի 7-ին դատապարտվեց գնդակահարման: Որոշ աղբյուրների համաձայն դատավճիռն ի կատար է ածվել Բաքվում, թեեւ շրջանառվում է նաեւ նրա սիբիրյան աքսորում մեռնելու վարկածը։
Աղբյուրը՝ Բագրատ Ուլուբաբյան, «Արցախյան գոյապայքարը», Երեւան, 1994