Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում հրապարկել է Ֆիրդուսի պաշտպանության նախաձեռնության հայտարարությունը.
«24․06․2020 Երևան
Հաշվի առնելով Ֆիրդուս թաղամասի շուրջ տեղի ունեցող հասարակական քննարկումները՝ հունիսի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ փոփոխություններ են մտցրել թաղամասի կառուցապատման նախագծում: Նա նշեց, որ Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները կպահպանվեն իրենց տեղերում, կվերարժևորվեն շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար կստեղծվի նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր։ Նաև ասվեց, որ կառուցապատողների հետ քննարկում են այս տարածքում 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից զատ, 2-րդ և 3-րդ հարկերում ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ։ Ըստ փոխվարչապետ Ավինյանի, այս փոփոխությունները կփարատեն հանրության մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը է՛լ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն:
Փոխվարչապետի հայտարարությանը հաջորդած, Հանրային հեռուստաընկերության «փրայմ թայմ» կիրակնօրյա լրատվականի հինգ րոպե տևողությամբ ռեպորտաժը միակողմանի մեկնաբանեց թաղամասի կառուցապատման շուրջ ընթացող տարաշերտ ու բազմակարծիք քննարկումները: Նյութում խոսք անգամ չեղավ բնակիչների և քաղհասարակության` հավանական կոռուպցիոն սխեմաների, ներդրողների կասկածելի անցյալի, նախագիծը համակարգողների ու ճարտարապետների, ինչպես նաև քաղաքի պատմամշակութային շերտի ոչնչացման վերաբերյալ մտահոգությունների մասին, ինչը տեղիք է տալիս մտածելու, որ իրականության միակողմանի մեկնաբանումը ներկայացնում է հատուկ խմբերի շահերը:
Ֆիրդուսի պաշտպանության նախաձեռնությունը, թե՛ ձևի, և թե՛ բովանդակության տեսակետից, փոխվարչապետի առաջարկությունները գնահատում է որպես հանրությանը մոլորեցնող և անորոշ եզրահանգումներ պարունակող հայտարարություն։ Սույն հայտարարությունը վերացական է. չկա հիմնավորող ոչ մի տեսանելի փաստաթուղթ, չի մատնանշվում նորմատիվ-իրավական որևէ հիմք, որը թույլ կտա ավելի մանրամասն ծանոթանալ առաջարկվող նախագծային փոփոխություններին:
Փոխվարչապետի առաջարկած «փոխզիջումը» չի արձագանքում քաղաքացիական հասարակության և թաղամասի բնակիչների կողմից բարձրացված խնդիրներին և պահանջներին։ Այն գրեթե չի վերաբերում կառավարության որոշմամբ հաստատված տարածքին, քանի որ, նախ դրանց մի մասը չի գտնվում հանրային գերակա շահ ճանաչված տարածքում, իսկ այն, ինչին անդրադառնում է հայտարարությունը, ինքնըստինքյան ենթադրվում էր իրականացնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի համաձայն։
Ավելին, ըստ հայտարարված նախագծային նոր փոփոխությունների՝ վերակառուցման վտանգի տակ են հայտնվում նշված փողոցների հուշարձան շենքերը՝ անտեսելով ծրագրի իրականացման իրավական հիմքերը:
Կառավարությունն անպատասխան է թողնում մեր բարձրացրած հարցերը․ ի՞նչ տրամաբանությամբ են որոշվել նախագծի փոփոխությունները, ի՞նչ ընթացակարգով են ընտրվել տխրահռչակ «Գլենդել Հիլզ»-ը ղեկավարած և անցյալի կոռուպցիոն սխեմաների հետ անմիջական կապ ունեցող մարդիկ, որոնք ստեղծում են նոր անուններով ընկերություններ և թաքնվելով դրանց հետևում՝ նույն ոճով շարունակում բնակիչների հանդեպ ճնշումները։ Ինչպե՞ս և ի՞նչ ընթացակարգով է ընտրվել՝ մասնագիտական և հանրային շրջանակների կողմից խիստ քննադատության արժանացող Նարեկ Սարգսյանի հայեցակարգը և արդյոք հնարավոր չէ նոր, ներառական մրցույթ հայտարարել։
Վերջապես, ի՞նչ կապ ունեն թանգարանները Ֆիրդուսի պատմական միջավայրի պահպանման հետ, ովքե՞ր են այն մշակութային գործիչները, որոնց թանգարանը պետք է տեղակայվի տարածքում: Ինչո՞ւ չեն նշվում, օրինակ, քանդակագործ Բենիկ Պերրոսյանի և ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի անունները, որոնց գործունեությունն ու կյանքը վաղուց կապված են Հանրապետություն և Ֆիրդուսի փողոցների հետ։
Ցավով ենք նշում, որ իշխանությունների որդեգրած այս ոչ թափանցիկ և հասարակության առջև ոչ հաշվետվողական մոտեցումները, երբ կոռուպցիոն և անազնիվ անցյալ ունեցող մարդկանց և կազմակերպությունների վարքը ոչ միայն չի վերանայվում ու վերագնահատվում, այլև խրախուսվում է հեղափոխական կառավարության կողմից, խարխլում են հեղափոխական կառավարության հանդեպ վստահություը։
Այսպիսով, մեր նապաձեռնությունը հայտարարում է․
- ըստ գործող օրենսդրության, թաղամասում ընթացող աշխատանքներն ապօրինի են և պետք է անհապաղ դադարեցվեն,
- առաջարկվող մակերեսային և ոչ ամբողջական փոփոխությունները ոչ միայն չեն փարատում հանրության շրջանում առկա մտահոգությունները, այլև անպատասխան են թողնում նախկինում բազմիցս բարձրաձայնված հարցերն ու պահանջները՝ շրջանցելով հանրային ուշադրության կենտրոնում հայտնված հիմնախնդիրները,
- Նարեկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը անորակ է և ժամանակավրեպ, ուստի այն ամբողջությամբ մերժելի է. հարկ է նոր մոտեցում որդեգրել և բաց մրցույթի միջոցով Ֆիրդուսի խնդրին մոտենալ ժամանակակից եւ բոլոր խնդիրները հաշվի առնող նախագծով։
Կրկին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել Ֆիրդուսի թաղամասում ընթացող ապօրինի շինարարական աշխատանքները, հրապարակել թաղամասի կառուցապատմանն առնչվող բոլոր փաստաթղթերը և ապահովել գործընթացի թափանցիկությունն ու օրինականությունը»: