08:16
Հարգելի իշխանություններ, այնպես չէ, որ դատավոր Ազարյանի ապագան ձեր ձեռքերում է

 

#SAVEՀՀՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, հատկապես, վերջին մեկուկես տարվա ընթացքում, կատարյալ խայտառակություն է:

Հիմա որոշ քաղաքացիներ կասեն՝ սա նոր Հայաստանն է՝ լեգիտիմ իշխանություններով, առաջին անգամ առանց ընտրակաշառք բաժանելու ձևավորված ԱԺ-ով, ամենամեղմ տարբերակով կասեն՝ հետևեիք ձեր խոսքին: Կասեն նաև՝ սա նոր՝ սպիտակ Հայաստանն է, այլ ոչ Քոչարյանական կամ ՀՀԿ-ական սև կոռուպցիայի և թալանի մեջ խրված Հայաստանը:

Ասեմ հետևյալը. ՀՀ որևէ քաղաքացի կարիք չունի կրելու «նոր Հայաստանի՝ հպարտ» քաղաքացի տիտղոսը. դա ի՞նչ անհեթեթություն է:

Ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվում Փաշինյանն ու իշխանական ողջ «էլիտան»:

Նրանք քարոզում են միմիայն հետևյալը. տղաներ, գործ տվեք ձեր ընկերների, հարևանների, գործընկերների վրա, անգամ անծանոթ մարդկանց վրա, փրկեք ձեր հետևները, դիմեք մեզ և սկսեք կրել «նոր Հայաստանի՝ հպարտ» քաղաքացու կոչումը, այլապես ձեզ սպասվում է հանրային կախաղան և(կամ) աշխատանքից ազատո՞ւմ (հեռացո՞ւմ):

Պարոնայք, երբ վառածի հոտ է սկսում զգացվել, մեկը փախչում է, իսկ մյուսը՝ մնում: Օրը կգա, երբ հասարակության մի մասը կվերցնի կրակն իր վրա, իսկ որոշները կթաքնվեն իրենց հովանավորող «պապաների» մեծ գրպաններում կամ իրենց ծնած ՀԿ-ներում և իրենց լրատվամիջոցների գրասենյակներում:

Ի՞չ են անում ներկայիս իշխանիկները: Նրանք հովանավորում և պարգևատրում են գործ տվողներին, փորձելով ոչնչացնել իրենց կարծիքով՝ անհնազանդներին: Մեկ ճշտում՝ ասելով անհնազանդ՝ ամենևին նկատի չունեմ այն քաղաքացիներին, ովքեր չեն ենթարկվում օրենքներին և սահմանված կարգին, այլ նկատի ունեմ այն մարդկանց, որոնք չեն ցանկանում  «նոր Հայաստանի՝ հպարտ» քաղաքացու  «դրոշի» կամ «մանդատի» տակ դառնալ գործ տվող, դառնալ ստախոս, դառնալ օրենքներն ու ավանդույթները չհարգող և ոտնահարող, և ամենակարևորը՝ այն մարդկանց, որոնց համար իրենց սկզբունքներն ու, հատկապես, արդարության հանդեպ բնածին զգացողությունն ավելի թանկ են քան ցանկացած տեսակի և քանակի «կերակրաբաժին»:

Ես չեմ հասկանում, չեմ ճանաչում և չգիտեմ, թե ներկայիս գործադիրի և օրենսդիրի իշխանիկների մեծ մասը ովքեր են, որտեղ են սովորել նման պահվածքը. ամենայն պատասխանատվությամբ կասեմ, որ Հայ լինելու ոգին գրեթե մեռել է, եթե այն երբևիցե նույնիսկ եղել է, ապա այսօր արդեն վերջնական մեռել է:

Պարոն Փաշինյան, Դուք այստեղ ստեղծում եք առնետների և ճղճիմ գործ տվողների համար նավ, և, եթե դուք կարծում եք, որ նախապատրաստում եք այդ ոչնչություններին հասուն և արժանավայել կյանքի համար, ապա դուք չարաչար սխալվում եք, որովհետև դուք ձեր կոչերով և ձեր քայլերով ու որոշումներով սպանում եք Մեր Հայ հասարակության մեջ այն ոգին, որը գլխավորել է Մեզ:

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ի՞նչ թատերական ներկայացում եք կազմակերպել դատական համակարգում: Այդ համակարգի ամենաարժանի և ամենահարգված, բարձր հեղինակություն վայելող մարդկանցից մեկը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանն ինչ-որ մեկի քմահաճույքի արդյունքում կանգնել է այսպես ասած՝ պատասխանատվության ենթարկվելու խնդրի առաջ: Կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ Ալեքսանդր Ազարյանը սովորական դատավոր չէ, սովորական մարդ չէ, և դա է այն պարզ պատճառը, որ ՄԵՆՔ նրա կողքին ենք: Վստահեցնում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր նրան չեն ճանաչում, որ նրա հոգին մաքուր է և այն չի վաճառվում, և գիտե՞ք ինչու:

Ձեր կառավարման ընթացքում, ոմն մեկը, չեմ բարձրաձայնի նրա անունը, ընդ որում Ձեր լեզվով ասած՝ նախկիններից, փորձելով ճնշումներ գործադրել այլ դատավորների և իրական (ռեալ) արդարադատություն իրականացնողների վրա, հասկացրել է, այսինքն՝ փաստացի փորձել է դատավոր Ազարյանին առաջարկել վաճառել իր հոգին կամ վախենալ նրանց ապօրինի գործողություններից, բայց հավաստիացնում եմ, որ դատավոր Ազարյանի մարդ տեսակը չվաճառվող և չվախեցող՝ բացառիկ տեսակներից է:
Վերջին երեսուն տարիների ընթացքում ես տեսել եմ այսպիսի մարդկանց, որոնք չեն ունեցել պաշտոն, չեն ունեցել «քավորներ» կամ հովանավորներ, չեն վազվզել մեկ կուսակցությունից մյուսը, տեսել եմ մարդկանց, ում ոտքը կամ ձեռքը կտրված են եղել, աչքերը չեն տեսել, բայց այդ մարդիք ապրել են, շարունակել են ապրել առանց օճառների և վազելինների: Բայց ամենասարսափելին՝ անդամահատված հոգին է, քանի որ այն հնարավոր չէ փոխարինել պրոթեզով: Ձեզ թվում է, որ դուք «նոր Հայաստանի՝ հպարտ» քաղաքացու «տիտղոս»-ը աջ ու ձախ բաժանելով, կարող եք նրան ուղարկել դրա՞խտ: Ասեմ, որ այդպես անվանելով՝ ցանկացած քաղաքացու կարող եք պարզապես ուղարկել դժոխք: Դուք սպանում եք նրա հոգին: Եվ ինչո՞ւ:

Որովհետև նա ձեր կուսակիցը չէ՞, ձեզ հետ այսօր «քայլող» չի, ձեր սկզբունքներն ու մոտեցումները նրա համար ընդունելի չե՞ն: «Նոր Հայաստանի՝ հպարտ» մարդուկ… Առանձնացնելով և բաժանելով հասարակությունը սևերի և սպիտակների, հարուստների և աղքատների, ներկաների և նախկինների դուք բոլորդ կլինեք Հայրենիքը՝ պետականությունն ու երկիրը քանդող սրիկաներ:

Հաճախ եմ լսում «լեգիտիմ իշխանություն», «լեգիտիմ պատգամավորներ» և «միակ մաքուր և լեգիտիմ կուսակցություն» արտահայտությունները: Բայց երբ քանդվում են հիմքերը, քանդվում է նաև լեգիտիմությունը: Ասեմ, որ ձեր պատկերացրած լեգիտիմությունը արդեն իսկ փլուզվել է: Դուք կառավարությունում կամ ԱԺ-ում այսպես ասած՝ առաջնորդներ եք դաստիարակո՞ւմ, տղամարդկա՞նց եք մեծացնում: Անգամ չեմ ցանկանում փորձել պատկերացնել, թե ինչպիսին են դառնալու ձեր սերունդները, ինչպիսին են նրանք մեծանալու:

Ես չգիտեմ՝ ինչպես գնահատել դատավոր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք հանդիսացած արտահայտությունները: Ես դատավոր չեմ, բայց կարող եմ մեկ բան ասել՝ նա ոչ ոքի չի վաճառի հանուն իր ապագայի, քանի որ դա կոչվում է ազնվություն, դա կոչվում է տղամարդկություն: Ա՛յ, թե ումից պետք է օրինակ վերցնեն մեր երեխաները, հետևաբար և ինչ հումքից ստեղծվեն մեր ապագա առաջնորդները: Դատավոր Ազարյանն ընտրել է այն ճանապարհը, որը ճիշտ ճանապարհն է՝ սկզբունքների ճանապարհը, որը ձևավորում է մեծատառով Մարդու էությունը: Թող նա շարունակի քայլել այդ ճանապարհով: Հարգելի իշխանություններ, այնպես չէ, որ դատավոր Ազարյանի ապագան ձեր ձեռքերում է: Սակայն քանդելու փորձ էլ մի արեք, այլ պաշտպանեք, սատարեք, և մի օր դուք կհպարտանաք դրանով, համոզված եղեք: Ես առավել քան համոզված եմ:

Փաստաբան Տիգրան Խուրշուդյանի էջից:

Առաջարկում ենք նաև
Լրահոս