04:53
Հայ ժողովուրդն անչափ կարգապահ է, երբ նրան կառավարում են կարգապահ, խելացի, սեփական պատմությունն իմացող և հարգող, ինտելեկտուալ առաջնորդները․ Հայկ Մարտիրոսյանը՝ վարչապետի հայտարարության մասին

Քաղաքագետ, պատմաբան Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից այսօրվա ուղիղ եթերում հնչեցրած արտահայտություններին։ Նա մասնավորապես նշել է, որ հայ ժողովուրդն անչափ կարգապահ է, երբ նրան կառավարում են կարգապահ, խելացի, սեփական պատմությունն իմացող և հարգող, ինտելեկտուալ և որակական մակարդակ ունեցող առաջնորդները: Գրառումը՝ ստորև․

«Որպես առաջին մասնագիտությամբ պատմաբան` դժվարանում եմ հիշել, թե հայոց պատմության մեջ մինչև Երրորդ այս անբախտ հանրապետությունը ո՞վ է եղել վերջին առաջնորդը, որ սեփական ազգը հռչակել է կես հազարամյակ պետականություն չունեցած, այս կամ այն կայսրությունները ատած կամ սիրած անկարգապահ մի ժողովուրդ: Մեկ այլ խոսքերով` խաժամուժ:

Թե ով է վերջինը` գիտեմ, տեսանք այսօր:

Ուրեմն մի քանի կարևորագույն նկատառում.

Հայ ժողովուրդը պետականություն ունեցել է միշտ: Հայերենին լավ չտիրապետողների համար կրկնեմ` միշտ: Հայ ժողոուրդը սակայն միշտ չէ, որ ունեցել է պետություն: Առանց պետության ազգերը կարող են գոյատևել և պայքարով ինքնապահպահպանվել: Առանց պետականության` երբեք:

Կարելի է ունենալ հզոր պետություն, բայց առանց պետականության ներքին համակարգի` այն կփլուզվի, իսկ ազգը կոչնչանա, կամ լավագույն դեպքում հազարամյակներ շարունակ անկարող կլինի միասնականություն ձևավորել և պետություն ունենալ` ինչպես, օրինակ, քրդերը: Իսկ պետություն ունեցած, բայց պետականության ներքին համակարգից զուրկ պատմական խաղացողներից պետության և ազգի կորուստ տեղի ունեցավ ասորեստանցիների, բաբելացիների, սկյութների, աղվանների և այլոց հետ:

Հայերն այն եզակի ժողովուրդներից են, որ թագավորությունների անկման միջակայքում կամ դրանցից հետո պետական կառավարման ֆունկցիաների մի մասը փոխանցեցին սեփական, ազգային եկեղեցուն, որն էլ պետականության կրիչն էր դարձել այլոց բռնատիրության պայմաններում, իսկ ժողովուրդն ապրում ու գործում էր այլոց լծի տակ` բայց սեփական պետականության խորքային համակարգի առկայության պայմաններում:

Երկրորդ. հայ ժողովուրդն անչափ կարգապահ է, երբ նրան կառավարում են կարգապահ, խելացի, սեփական պատմությունն իմացող և հարգող, ինտելեկտուալ և որակական մակարդակ ունեցող առաջնորդները: Այդպիսի առաջնորդներ, ցավոք սրտի, վերջին երեսուն տարիներին չեն եղել:

Նոր շրջանի կառավարիչներից ոմանք իբրև թե ինտելեկտուալ էին, բայց բոլորովին չէին պատկերացնում սեփական և համաշխարհային քաղաքականությունը և հիմք դրեցին այսօրվա ամեն արատավորին ու դավաճանության մի ամբողջ գաղափարախոսության, մյուսներն անգրագետ էին և դաժան, իսկ երրորդները խորամանկ էին, տգետ և դարձյալ ապազգային:

Նորերն ամենի հիբրիդ են, որոնցից հետո երկիրը պետք կլինի օղիով ախտահանել, իսկ նրանց թողած վարակները` պինցետով հանել:

Միայն թե ինչպես հանել սեփական ժողովրդի մեջ սեփական առաջնորդների ձեռամբ արմատավորվող ինքնատելության և ինքնանարգանքի բացիլը, դեռևս դժվար է պատկերացնելը»:

Առաջարկում ենք նաև
Լրահոս