Ուշադրություն, խոսում է առողջ ու սթափ մտածող ՀՀ քաղաքացի Արման Գևորգյանը:
Սիրելի վարչապետ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է արդեն մոտ 4 ամիս:
Բոլորիդ կոչ եմ անում կրել պատասխանատվություն և դա ձեր վրայից հանել միայն երկրի կառավարման ղեկը վայր դնելուց կամ մեկ ուրիշին հանձնելուց հետո: Պատասխանատվությունը պետք է կրել այնպես, որ այն չփակի ձեր ընտրողների քիթը եւ բերանը՝ թույլ չտալով հազարավոր քաղաքացիների ամիսներով մնալ անաշխատանք և քաղցած: Պարբերաբար լսեք ձեր քաղաքացիների ձայնը և մի արհամարեք նրանց խնդիրները:
Քաղաքացիների ձայնը լսելիս պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն և բացառեք առանց խնդիրներին որոշակի լուծում տալու հեռանալ ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանցից, որոնք իրենց ձայնն էին տալիս և դեռ պատրաստվում էին ԱՅՈ ասել՝ հանուն նոր Հայաստանի:
ՀՀ քաղաքացին վաղուց հասկացել է, որ վիրուսն առկա է՝ իր բոլոր անկանխատեսելի զարգացումներով հանդերձ: ՀՀ քաղաքացին հավատում է, որ վիրուսն իրական է, բայց ՀՀ քաղաքացուն արդեն չի կարելի մեղադրել այն հարցում, որ նա ապրել և ընտանիք պահել է ուզում: Եվ հիմա արդեն ՀՀ քաղաքացին է իր վարքով ասում՝ կորոնավիրուսն ու՞մ շունն է, ապրել եմ ուզում: Սիրելի կառավարություն, կրեք պատասխանատվություն և դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր:
Նախարարներին անհրաժեշտ է փոխել երեք-չորս ամիսը մեկ, եթե նրանք ի վիճակի չեն ամբողջ լրջությամբ ու լիարժեք կրել իրենց ստանձնած պատասխանատվությունն առ ՀՀ քաղաքացի: Կարող եք օգտագործել ոչ միայն նոր արտադրած, երիտասարդ, այլեւ կյանքի կողմից պատրաստած, թրծված, փորձառու կադրերի:
Սիրելի վարչապետ՝
Շատ քաջ գիտակցում եմ նաև, որ այս տեքստը չի հասկանալու աշխատանքով կամ այլ եկամուտներով ապահովված ՀՀ քաղաքացին:
Շնորհակալություն եմ հայտնում մեր այն իշխանության ներկայացուցիչներին, ովքեր պահպանում են համաճարակային պատասխանատվության կանոնները կամ եթե նույնիսկ նախկինում չեն պահպանել, այս կոչին անսալով կսկսեն պահպանել դրանք։