3-4 ժամ փողոցներում հակահամաճարակային կանոնների քարոզ էի անում։ Եկա տուն ու պարզվեց, որ Ֆեյսբուքում քննարկում են ոչ թե Կորոնավիրուսի վիճակն ու դրա դեմ պայքարը, այլ ԲՀԿ-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Խնդրում եմ, թարգեք այդ ամենը։ Դուրս եկեք փողոց ու բակից բակ, անցորդից անցորդ, գյուղից գյուղ բացատրեք մարդկանց, որ պետք է հետևել հակահամաճարակային կանոններին։
Եթե պատգամավոր եք, դերասան եք կամ պարզապես հարգված մարդ՝ դրեք ձեր ամբողջ հեղինակությունը ու համոզեք, որ քաղաքացիները հետևեն կանոններին։
Եթե պարզապես ունեք գոնե մի 20 րոպե ժամանակ՝ ծախսեք այն Կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Գնացեք մոտակա մարդաշատ վայրը ու անցորդներին բացատրեք վիրուսի վտանգների մասին։
Սա պատերազմ է, որից մարդիկ են մահանում։ Եվ ամեն մեկս պետք է ուժերի ներածին չափով աջակցենք չերևացող ռազմաճակատին։
Մենք վաղը շարունակում ենք Աջափնյակում։ Միանալու ցանկացողները արձագանքեն քոմմենթներում կամ պարզապես 17։30-ին գան Գևորգ Չավուշի արձանի մոտ»,- գրել է նա։