Հեռուստահաղորդավար և հեռուստանախագծերի հեղինակ, «Համահայկական աշխարհագրական ասոցիացիա»-ի համագործակցությամբ ստեղծված «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Մերոնք» և «Հայաստանի ճամփեքով» հեռուստանախագծերի հեղինակ ու վարող Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում առաջարկով դիմել է ՀՀ կառավարությանը:
Հովհաննիսյանը, մասնավորապես, գրել է.
«Հարգելի կառավարություն:
Քանի որ վիճակը կրիտիկական է և մեր երկիրը արդեն ապրում է իտալական սցենարով, առաջարկում եմ անել այնպես, ինչպես արեց Իտալիան: Դիմել աշխարհին օգնության կոչով:
Մենք պիտի խնդրենք մի քանի բարեկամ երկրներին գործուղել Հայաստան բժիշկներ - վարակաբաններ ու համաճարակաբաններ, ռեանիմատոլոգներ և այլ բուժաշխատողներ, մեր բժիշկների սարսափելի բեռը թեթևացնելու համար:
Մի քանի օրից մեր հերոսական բժիշկները այլևս չեն կարողանա օգնել բոլորին, իսկ վերապրոֆիլավորված հիվանդանոցներում մասնագետների պակաս է լինելու:
Համոզված եմ, որ
Չինաստանը
Ռուսաստանը
Վրաստանը
Ֆրանսիան
Լիբանանը
Սիրիան և այլ երկրներ, որտեղ համավարակն արդեն հսկողության տակ է, չեն մերժի և կուղարկեն բուժաշխատողներին Հայաստան:
Խնդրում եմ հիշել, որ իտալացիներին շատ օգնեցին չինացիները, գերմանացիներն ու ռուսները: Մենք պիտի օգտագործենք յուրաքանչյուր հնարավորություն մարդկանց կյանքերը փրկելու համար:
Եթե չստացվեց կանգնեցնել վարակն, ապա ամբողջ ուժերը կենտրոնացնենք բուժման վրա»: