Արման Սաղաթելյանը ֆեյսբուքում գրել է.

«Ես առաջիններից էի, ով հրապարակավ կոչ էր անում փակել Իրանի հետ սահմանը. օրեր շարունակ ձայնս մնում էր օդում։ Փակեցիք։ Բայց արդեն ուշ էր։

Ես առաջիններից էի, որ ասում էի՝ «Ռայնէյրի» թռիչքները պետք է կասեցնել, օրեր-շաբաթներ շարունակ տարբեր հարթակներից պնդում էի սա այնքան ժամանակ, մինչեւ «Ռայնէյրն» ինքը փակեց չվերթները։

Հետեւանքները տեսանք, տեսնում ենք բոլորս։

Այսօր մահերը էքսպոնենտալ են աճում, մահանում են մարդիկ՝ մեր հարազատները, ընկերները, հայրենակիցները… Ու չկա նշույլ անգամ վստահության, որ մահերի թիվը չի բազմապատկվելու։

Փակեք երկիրը։ Total lockdown! Կոչ եմ անում՝ փակեք երկիրը։

Մտադիր չեմ քննարկելու այն վճռորոշ հանցավոր սխալներն ու բացթողումները, որոնք բերեցին այս իրավիճակին. դրա ժամանակը դեռ կգա։

Այժմ ուղղակի անհրաժեշտ է ձեռնարկել իրական, ոչ ձեւական միջոցներ աղետը կասեցնելու նպատակով։

Որքան էլ մեզ փորձեն հրամցնել այն գաղափարը, որ մենք պետք է հաշտվենք եւ դիտորդի կարգավիճակով համակերպվենք մարդկային կորուստների հետ, ակնհայտ է՝ դրանց կտրուկ ավելացումը անբողջովին տապալված, ժամանակավրեպ, իշխանությունների չմտածված գործողությունների եւ անգործության արդյունք է։ Մենք արդեն աշխարհի առաջատարների շարքում ենք մահերի քանակով մեկ միլիոն բնակչի հաշվով։ Եվ սա այն հարցը չէ, որում իշխանություններին վստահած բնակչությունը ակնկալում էր լինել առաջինը։

Որքան էլ փորձեն չոր թվերի ներքո քողարկել իրական մարդկային ճակատագրերը, ամեն կորուստ անդառնալի է. ժամ առաջ անհրաժեշտ են կտրուկ քայլեր։

#ՓակեքԵրկիրը»: