«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իշխանությունների ինքնավստահությունը, որը համատեղվում է հանրային կառավարման և քաղաքական փորձի ակնհայտ դեֆիցիտով, հասցրեց մեզ այս ռեկորդային թվերին: Միավոր բնակչության օրական նոր դեպքերի քանակով աշխարհում 5-րդ հորիզոնականում ենք (մեզանից վատ է Քուվեյթում, Պերույում, Բահրեյնում ու Քաթարում), իսկ մահերով` պատվավոր 1-ին:
Մարդկանց կյանքերը զոհաբերելով տնտեսություն փրկելու փորձը, բացի նրանից, որ որևէ աղերս չունի ժողովրդավարական արժեքների հետ, կհանգեցնի հակառակ էֆեկտին:
Որոշում կայացնողների զգալի մասը կյանքի փորձ չունի: Առանձնապես որևէ հաջողության չհասած կուսակցական ակտիվիստից դարձել են պետության առաջին դեմքեր ու հանրության ճակատագիր են վճռում:
Արդյունքում մտածում են, որ իրենք ահավոր խելոք դեմքեր են ու կարող են չափազանց ինքնավստահ կառավարել պետությունը, թեև նախքան այդ ոչ մարդկանց են առաջնորդել, ոչ էլ ծխախոտի կրպակ կառավարել:
Ասածս չի վերաբերում Նիկոլ Փաշինյանին ու էլի մի երկու հոգու: Բայց իշխանության մեծամասնությունը նույնիսկ չհասկացավ, թե ոնց տարան երկիրը դեպի կորոնավիրուսային պարտություն:
Իշխանությունների հարգելի ներկայացուցիչներ, դուք կորոնավիրուսի պատերազմում Հայաստանը պարտության տարած թիմ եք և դա ձեր տապալումներից ամենամեծն է: Սա անհամեմատ ավելի լուրջ տապալում է, քան, ասենք, ինստիտուցիոնալ բարեփոխումների լճացումը, հանրային կոմունիկացիայի բացակայությունը կամ Արցախում տեղի ունեցած ընտրությունների որակը:
Էլ ի՞նչ տապալում պետք է ունենաք, որ հաղթահարեք ձեր ինքնասիրահարվածությունը ու իրականությունից կտրվածությունը»։