Այսօր, ինչպես և նախատեսված էր, ավարտվեց իմ ղեկավարած «Առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում ոլորտային ՔՀԿ-ների հզորացման և հանրային վերահսկողության խթանման միջոցով» ծրագիրը (այսուհետ Ծրագիր), որը իրականացվում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ», գրել է բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում։

 
 
 
 

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանատանը ցուցաբերած աջակցության համար, քանի որ ծրագրի շրջանակներում մեր աշխատանքային թիմը կարողացավ գրանցել հետևյալ արդյունքները՝

  • Իրականացնել սեմինարներ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար
  • Կատարել մեր երկրի առողջապահության ոլորտը կարգավորող օրենքների և որոշումների վերլուծություն , ինչպես նաև կատարել միջազգային փորձի վերլուծություն, որը նաև տպագրվեց առանձին ձեռնարկի տեսքով
  • ՀՀ Ազգային Ժողովը ընդունեց մեր աշխատանքային թիմի կողմից մշակած օրենսդրական փոփոխությունների 21 առաջարկներից կազմված փաթեթից 9 փոփոխությունները
  • Ծրագրի շրջանակներում ստեղծվեց առողջապահական տեղեկատվական հարթակ, որը ինչպես և ծրագրում նախատեսված էր, ծառայեց ոլորտի մասնագետների ու հասարակական կազմակերպությունների ձայնը լսելի դարձնելու նպատակին

Ծրագիրը հաջողվեց: Հաջողված կոմպոնենտներից մեկն է Medmedia.am տեղեկատվական հարթակի ստեղծումը: Այն իր գոյության 9 ամիսների ընթացքում այնքան կայացավ, որ արժանացավ այնպիսի միջազգային հեղինակավոր հանդեսների անդրադարձին, ինչպիսին են The Guardian»-ը կամ « openDemocracy» տեղեկատվական հարթակը: Հայաստանում իրականացվում են բազմաթիվ և շատ ավելի խոշոր դրամաշնորհային ծրագրեր, սակայն չեմ մտաբերում, որ այդ ծրագրերից որևէ մեկի մասին տեղեկատվություն տարածվի նշածս հարթակներում: Տարօրինակ է այն փաստը, որ վերը նշված լուրջ հարթակներում տեղ է գտել իմ տված հարցազրույցից ընդամենը մի քանի նախադասություն, որոնք կոնտեքստից կտրված են: Տարօրինակ է նաև այն, որ տեղական «մամուլը» իմ տված հարցազրույցները վերը նշված հանդեսներին անվանում է բացահայտում, սակայն ինձ մոտ պահպանված է «openDemocracy»-ի հետ արված նամակագրությունը և ձայնագրված է «The Guardian»-ին տված հարցազրույցը, ուստի, իմ կարծիքով, «բացահայտում» չկա՝ կա գլոբալիստներին բնորոշ մանիպուլացիոն «սենսացիա»:
Անդրադառնալով այդ հարթակներում Medmedia.am կայքին վերաբերվող հոդվածին, կցանկանամ նշել հետևյալ կետերը՝

 

- Տարակուսելի է, որ «openDemocracy» հարթակը պարզաբանելով, որ նյութ են գրում «Հայաստանի պատասխանը COVID-19» թեմայով, բացարձակապես չի անդրադարձել Հայաստանում հիվանդացության բարձր ցուցանիշներին, ՀՀ կառավարության կողմից համավարակին անլուրջ վերաբերմունքին, կորոնավիրուսի դեմ պայքար սկսելու և ուժգնացնելու հանրության կոչերին, վարչապետի և առողջապահության նախարարի անլուրջ հայտարարություններին, սակայն հոդվածում մեծ դեր է տրվում Ծրագրի շրջանակներում ստեղծված կայքին, որում ամիսներ շարունակ հրապարակվում էին նյութեր, որոնց բովանդակությունը պետք է սթափեցման կոչ լիներ առողջապահության նախարարի և վարչապետի համար: Հաշվի առնելով այս փաստը չեմ կարող չմտածել, որ «Open Democracy» հարթակում տեղադրված հոդվածը ունի հստակ ուղղորդում և չեմ բացառում, որ կարող է լինել նաև «պատվիրված»:

- Տարակուսելի է նաև, որ լինելով անտեղյակ Ծրագրի այն դրույթից, որ ստեղծված կայքը ունի ոլորտային հասարակական կազմակերպությունների ձայնը լսելի դարձնելու առաքելություն, փորձել են տարածել կայքի գործունեությունը «արատավորող» տեղեկատվություն՝ նույնիսկ առանց հաշվի առնելու այն փաստը, որ կայքում հրապարակված է, որ տեղադրված նյութերի բովանդակությունը կարող է չհամնընկնել կայքի խմբագրական թիմի կարծիքի հետ: Ընդ որում նշված հոդվածների հեղինակը չի հանդիսանում կայքի աշխատակից, այլ հանդիսանում է առողջապահական հասարակական կազմակերպության նախագահ և մասնագիտությամբ՝ բժիշկ:

 

Անդրադառնալով իմ անձին վերաբերվող տեղեկատվությանը, նշեմ որ ինձ ներկայացված Կորոնավիրուսի և Medmedia.am կայքի մասին պատրաստվող նյութում՝ անհասկանալի կերպով մեծ դեր է հատկացվել իմ անձին, իմ հայացքներին, իմ կապերին և շրջապատին՝

- Ես հարգում եմ ավանդական հայկական ընտանիքը և համարում եմ, որ հենց հայկական ավանդական ընտանիքն է հանդիսանում մեր երկրի ամրության միավոր: Հավանաբար իմ պահպանողական և Քրիստոնեական սկզբունքային արժեքներն են դրդել «openDemocracy»-ի և «The Guardian»-ի լրագրողներին, որպեսզի ինձ ներկայացնեն, որպես հոմոֆոբ: Նրանք նույնիսկ փորձել են, որպես ապացույց մեջբերել և քաղաքական երանգ տալ 6 տարի առաջ ֆեյսբուքում առկա գրառումը, որը կոնտեքստից կտրված է: Սակայն ապարդյուն, որովհետև ինձ համար սեռական կողմնորոշումը չի կարող համարվել առավելություն:

- Ինձ «աջ-ծայրահեղական» քաղաքական ուղղություն են փորձել վերագրել, սակայն հավանաբար տեղեկացված չեն, որ ես չեմ հանդիսանում որևէ քաղաքական կուսակցության անդամ: Չեմ ուզում անդրադառնալ այն հանգամանքին, որ փորձ է կատարվել ներքաշել իմ շրջապատը կամ իմ ընկերներին այս զավեշտալի պատմության մեջ, քանի որ անհիմն տեղեկությունները մեկնաբանության կարիք չունեն:

 
 

- Ինչ վերաբերվում է «Covid-19 փաստահավաք խմբում» իմ գործունեությանը, ապա դա բացառապես փորձագիտական գործունեություն է և չունի որևէ քաղաքական հիմք կամ հենք:

Ես քաջ գիտակցում եմ այս ամենի պատճառահետևանքային կապը՝ սա ուղղված է իմ անձի երկամյա քննադատական գործունեության և «Covid-19 փաստահավաք խմբի» գործունեության դեմ, քանի որ ներկայացվող և դեռ չներկայացված, բայց արդեն իսկ կուտակած փաստերը իմ գնահատմամբ հանդիսանալու են այս արշավը ուղղորդող առողջապահության նախարարի (և ոչ միայն) քրեական պատասխանատվության փաստական հիմքերը: Մեր երկրում այլակարծությունը միշտ եղել է և կմնա ու գլոբալիստների կողմից «լիբերալ ավտորիտարիզմի» հաստատում ես թույլ չեմ տա: Ինձ լռեցնել չի ստացվի:

Ցավալի է, բայց այսօր «լիբերալ ավտորիտարիզմի» բացասական կողմերը ազդում են ոչ միայն իմ անձի կամ Ծրագրի շրջանակներում ստեղծված կայքի, այլ նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության և ԱՄՆ դեսպանատան կառուցողական համագործակցության վրա, քանի որ նման միջազգային հոդվածներով իրականացվող ճնշումները զանազան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մտածելու առիթ են տալիս՝ արդյո՞ք պետք է մասնակցել ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարվող դրամաշնորհային ծրագրերին և իրականացնել ծրագրեր, եթե հետագայում ծրագրի արդյունավետ իրականացման համար պախարակման փորձեր են արվելու և դրսևորվելու է խիստ անհանդուրժողականություն այլակարծության վերաբերյալ»: