Հիշո՞ւմ եք համատարած հրճվանքը 2 տարի առաջ այս օրերին, երբ հայտարարում էին հերթական թրաշամանուկի պաշտոն ստանալու մասին... «Օօօ, այս տղան հասել է մինչև «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»-ի 200-հազարանոց հարցը» [բուռն ծափահարություններ], «Ախ, այս աղջնակն ավարտել է Հալեպի հայկական մանկապարտեզը» [բուռն ոտնկայս ծափահարություններ], «Մերօրյա Ալեքսանդր Մակեդոնացիները» և այլն, և այլն։

Կիսատ-պռատ կրթությամբ, փաբերում իրենց աշխատող ընկերների հաշվին լռված երեկվա բեզձելնիկները հանկարծ դարձան պետական պաշտոնյաներ...

Երբ սթափ մարդիկ ասում էին, որ կառավարելու համար փորձ է պետք, նրանց պատասխանում էին. «Ահահա, հենա տեսանք ձեր փորձված կառավարիչներին... Ո՛չ, հիմա կգան այս ազնիվ երեխաները, և կտեսնեք, թե ինչպես է պետք երկիրը կառավարել»։

Տեսանք։

Իսկ հիշո՞ւմ եք, որ ենթադրաբար այս նույն մարդիկ պիտի մոբիլիզացնեն և կառավարեն երկիրը նաև պատերազմի ժամանակ։

Մարդիկ, որոնք ունենալով աչքի առաջ տասնյակ երկրների փորձը, նախանձելի հետևողականությամբ կրկնեցին ու շարունակում են կրկնել այդ երկրների բոլոր սխալները։

Իշխանությունները (երբ իրենց պետք էր մարդկանց հեռախոսների մեջ մտնելու իրավական խոչընդոտները վերացնել) համաճարակը հայտարարեցին պատերազմական իրավիճակ։

Երեկ ընդամենը 603 թեստ է արվել Հայաստանում։ Դրանցից 210-ը՝ դրական։ Որպեսզի հասկանալի լինի, թե սա ինչ խայտառակություն է, հենց պատերազմական օրինակ բերեմ...

Եթե սա պատերազմ է, ապա ձեր արածը նույնն է, որ ամեն զինվորին 3 փամփուշտ տաք ու ասե՛ք.

— Տղե՛րք, թշնամին զինված է տանկերով, ավիացիայով, հրետանիով, բայց դուք պիտի այս 3 փամփշտով ռազմաճակատը պահեք։ Գերագույն գլխավոր հրամանատարն էլ, ոնց որ թե, գրիպի պես ինչ-որ վիրուս ա կպցրել, գլխացավ ունի, ձեր անիմաստ հարցերով իրեն մի անհանգստացրեք։