Առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը, մեզ համար մեծ պատմաքաղաքական նշանակություն ունի։ Եվ կարևոր էր, որ այս տոնի առիթով Հայաստանը շնորհավորանքներ ստանար իր արտաքին գործընկերներից, ինչը միջազգային ասպարեզում տեսանելի կդարձներ նրանց հետ հարաբերությունների խորացումը։
Սակայն Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող այս տոնն ուղղակի ուշադրության չարժանացավ գործընկեր երկրներից շատերի կողմից։ Օրինակ՝ ԱՄՆ-ն պետքարտուղարի մակարդակով մայիսի 28-ին շնորհավորավորական ուղերձ է հղում Ադրբեջանին Հանրապետության օրվա առիթով, սակայն Հայաստանին շնորհավորելու մասին խոսք չկա։
Հասկանալի է, որ Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ն հետաքրքրություն է դրսևորում ադրբեջանական էներգետիկ ռեսուրսներով պայմանավորված, այնուամենայնիվ, մի հանգամանք պարզ է, որ Հայաստանը բավարար աշխատանք չի տանում գործընկեր երկրների, այդ թվում՝ և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։