«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բադասյանն ասում է, որ ուզում է վեթինգ անել, չխնդաք:
Իսկական վեթինգը խորտակած Բադասյանն ի պատասխան մեր քննադատությանը, թե համոզել է վարչապետին քաղցրանուշ վեթինգ անել, «Ազատություն ռադիոկայան»-ին տված հարցազրույցում ասաց, թե հասարակական կազմակերպությունները, որ քննադատում են իր ղեկավարած նախարարության վեթինգը, ժամանակին չեն արտահայտվել, կամ էլ չեն կարդացել իր մշակած օրենքները, որ ինքը վեթինգ է համարում, ասում է նաև, որ չեն հասկանում, որ առանց սահմանադրական փոփոխությունների անհնար է վեթինգ անել: Քանի որ ես մեկն եմ եղել քննադատողներից իր փաղաքշական վեթինգի, պարտավոր եմ պատասխանել:
Նախարարը ասաց, որ հեղափոխությունը «հնարավոր է, չի հասել շատ ոլորտներ, այդ թվում չի հասել դատական համակարգ, դատական համակարգը լրջագույն պրոբլեմներ ունի»: Հարցին, թե՝ այն դատավորները, որ Նիկոլ Փաշինյանին են դատել, Ժիրայր Սեֆիլյանին են դատել, հիմա էլ Մանվել Գրիգորյանին են դատում, դա կարելի՞ է համարել վեթինգ, պատասխանում է. «Չի կարելի մասնավորից դեպի ընդհանուրը նման եզրահանգումներ կատարել... » ես չհասկացա, ճիշտն ասած ... Լրագրողի հարցին, թե ՄԻԵԴ-ում խորտակված վճիռների տեր դատավորներին, վարչապետն ասել էր, թե պիտի զրկել դատավորական կարգավիճակից, պատասխանում է՝ անհասկանալի է՝ ինչու են կենտրոնացել հենց միայն դատավորների, միայն այդ ուղղության վրա:
Արդեն խնդալու չէ, նախարարը կամ անտեղյակ է կամ էլ շատ անտեղյակ է.- էդ ո՞վ է կենտրոնացել միայն դատավորների վրա, 2 տարում 2 մլն անգամ ասել ենք՝ դատաիրավական, դա-տա-ի-րա-վա-կան, ոստիկանություն-քննչական-դատախազական-դատավորական համակարգերը ... Հանցագործ բաժնի պետերին ու օպերներին փոխելու համար էլ է՞ր պետք սահմանադրական բարեփոխում անել, իսկ քննիչ-կեղծարար-քանդակիչների՞ն, դատախազության հանցագործներին հեռացնելու համար էլ է՞ր հանրաքվե պետք: Կարող է՞ Բադասյանին թվում է, թե իր քնքշավեթինգը քննադատողներս անհատական ատելություն ունենք ինչ-որ քննիչների, ինչ-որ դատախազների կամ ինչ-որ դատավորների նկատմամբ ու ուզում ենք անպայման իր միջոցով վրեժ լուծել: Մարդը հասկացնում է, թե չի կռահել, թե ինչու էին միլիոնավոր մարդիկ փողոց ելել, հո բոլորին անհատապես չէի՞ն հալածել մենթերն ու դատավորները:
Ընդհանրապես ես շատ լավ կարծիք եմ ունեցել նախարարի կարողությունների մասին: Հիմա մարդը բոլոր օկտավաներով ամեն ինչ գլորում է սահմանադրական փոփոխությունների,- վոտ պռիձյոտ Նատալիա, ի սվայո սլովը սկաժետ:- Պարզվեց շատ հարմար տեղավորված պահպանողական է, առանց հեղափոխական մտածողության, Դավիթ Հարությանյանի ջահել ժամանակները հիշեցրեց: Գուցե այդ պաշտոնում այդպիսի՞ն պիտի լինի, բայց կողքուբոլորը արթուն պահող մեկը չլինի՞: Իսկապես բավականին պատրաստված նախարար է: Բայց հեղափոխական օրակարգի հետ կապ չունի մարդը: Բադասյանի և Փաշինյանի սցենարով վեթինգը կսկսվի 2-3 տարուց, ու կտևի 5-7 տարի: Այդ ընթացքում վճիռներ են շարունակելու կայացնել հանցագործ դատավորները, Նիկոլին, Ժիրայրին, ու էլի մի 1000 անմեղ մարդու դատած դատավորները, ունեզրկումները դակած և ԶԼՄ բերանները փակած դատավորները մնալու են իրենց բազկաթոռներում ու ավելի բարձր աշխատավարձեր են ստանալու: Գոնե մի հատ էլ պատվոգիր տա կառավարությունը «Հեղափոխությամբ չպաշտոնանկված» մեդալն էլ՝ վրադիր ...
Մարդը կարող է կարդացած չլինել վեթինգի համաշխարհային փորձը, կարող է իրեն քննադատողների ելույթներն ու քննադատութունները կարդացած չլինել, ամոթ չէ: Սա էլ կարող է չկարդա, կարող են կարդալ պատմել, ու էլի նեղվի իմ և այլոց քննադատությունից, կարող է ասել, որ դե նախարարն ինքն է, բավարար խելք ունի, մենք նախարար չենք, բավարար խելք չունենք, կհասկացնի, թե դուք եղեք իշխանություն, դուք որոշեք, բայց մի քանի բան ասեմ իմ ընթերցողների համար:
1. Դատարանները պետության զավթման մեր բորդելում նույնպես զավթված են եղել ու մարդկանց հեղափոխական ցասումը եղել է այդ համակարգը ԱՐԱԳ և ԱՐՄԱՏԱՊԵՍ ՀԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ոչ թե 10-20 տարում բարեփոխելու համար: 10-20 տարում բան էլ չանես՝ ինքն իրեն բարեփոխվելու է, վայթե: Այսինքն, այս ոլորտում գլխավոր նախարարությունը պարտավոր էր որոնել ոչ թե պատճառաբանություններ, այլ լուծումներ այնպես, որ մարդիկ գոհանային, ոչ թե դժգոհեին: Շա՞տ բարդ է այս մոդուսը: Թե՞ կարծում են, որ իրենց նկարած քնքշավեթինգը հիացրել է մարդկանց ու մի քանի հոգիս, որ «փոխված օրակարգ» ունենք, դժգոհում ենք: Հա, մեր օրակարգը դատավոր դառնալն է, պրծա՞նք: Տեսնեմ էս դատավորները ո՞նց են ապօրինի գույք վերադարձնում պետությանը նրանցից, ում ոտները համբուրել են ամեն առավոտյան և երեկոյան:
2. 11 ամիս առաջ նշանակված նախարարը, որ ժառանգություն է ստացել վարչապետի՝ 2019 թ. մայիսի 20-ի կոչը, որ հիշեցվեց մի քանի անգամ, որի կարևորությունը դժվար է գերագնահատել, որի 2-րդ կետով, օրինակ, ՄԻԵԴ-ում ձախողված դատավորները պիտի զրկվեին դատավորի կարգավիճակից, ինչո՞ւ 7-8-9-10 ամիս առաջ չի հայտարարել, որ դա անհնար է, ինքը չի ստանձնում այդ օրակարգը, հրաժարական է տալիս, կամ մնում, եթե գործատուն ասում է, լավ, արա այդ վեթինգը՝ 5-7 տարի հետո:
3. Ինչն է՞ խանգարել իրեն և իր ենթակա աշխատակազմին, շահագրգիռ կողմերի՝ դատախազության, քննչականի, անկախ փորձագետների հետ մի աշխատանքային խումբ կազմել դատավորների քաջագործությունների քննության համար, «Ֆեյսբուք»-ն ու հանրությունը տրաքվում է դրանց այլանդակությունների մասին պատմություններով ու փաստերով, ճիշտ-սուտ, չգիտեմ, ամեն մեկն իր պատմությունը գիտե, Նիկոլը, օրինակ գիտե, որ իրեն ապօրինի են դատել ևʹ 1999-2000-ին զրպարտության կեղծ գործով, ևʹ 2008-ի մարտի 1-ի գործով, ևʹ այդպես 1000 հոգի: Ինչո՞ւ չեն քրքրել, հետազոտել այդ պատմությունները, ինչո՞ւ չեն քրքրել ՄԻԵԴ-ում խայտառակված դատավորների վճիռները, ինչու չեն նայել ունեզրկումները դակած, «Ա1+» եթերազրկման, «ԳԱԼԱ ՀԸ» դեմ հարկային նկարչության, «Հայկական Ժամանակին» տասնյակ միլիոնավար դրամով զրպարտության/վիրավորանքի փոխհատուցման և բազմաթիվ հարանման գործերը: Պետական ծառայողները կաշխատեին ի պաշտոնե, մյուսները՝ կամավոր: Քրքրեիք, տեսնեիք քրեական գործեր հարուցելու հիմքեր կայի՞ն արդյոք, արդյո՞ք ճիշտ ենք մենք, որ ասում ենք «հանցագործ դատավորներ», թե՞ խեղճ մարդկանց զրպարտում ենք: Կառավարության կողմից կամ նախարարության կողմից նման մի աշխատանքային խումբ ստեղծելու, մեկ տարում գոնե 20 վճիռ ուսումնասիրելու համար սահմանադրական բարեփոխումնե՞ր էին պետք, լո՞ւրջ:
4. Ի՞նչ սահմանադրական փոփոխություններ էին պետք որպեսզի նախարարը, վարչապետի հանձնարականն առաջ տալու համար, քնքշավեթինգի տեքստերը մշակելու հետ մեկտեղ Ազգային ժողովին առաջարկեր ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, և քննել արդարադատության կամ դատավորների դեմ բողոքները,. տասնամյակներով դատարանների ձեռը տառապած մարդիկ գային, պատմեին, մասնագետների հրավիրեին, ուսումնասիրեին, տեսնեին հանցակազմեր կա՞ն արդյոք, թե կային՝ քրգործերը հարուցվեին, տեսնեմ քանի րոպե էին մնալու էդ դատավորներն իրենց բազկաթոռներին: Չէ, դատավորների վարքը կամ դատաիրավական համակարգի պաշտոնյաների վարքը քննելու համար ԱԺ ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու նպատակով սահմանադրական բարեփոխումներ էին պետք: 2016 թ. ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողով ստեղծելու համար կարիք չկար սահմանադրական հանրաքվեի: Կարո՞ղ է հակասահմանադրական է այդ հանձնաժողովը: Այս հարցը նաև ԱԺ իմքայլական պատգամավորներին է վերաբերվում, իրենց էլ չեմ մոռացել: Մեկ այլ անգամ մանրամասն կանդրադառնամ այսպես կոչված խորհրդարանի դերի բարձրացման ջատագովներին, որ մատները մատներին չտվեցին էս հարցով արդեն տարիուկես ...
Այս հարցերին ո՞վ պիտի պատասխանի: Թե բա իր տեքստերը չենք կարդացել: Որ քննադատում եմ այս կամ այն պաշտոնյային, դա չի նշանակում, թե բարեխիղճ աշխատանքով աչքի չեն ընկնում այդ մարդիկ: Իսկապես մի քանի անգամ դրվատել ենք նոր նախարարին՝ իր մշակած նախագծերով: Բայց սա աններելի քնկոտություն է, ու երբ հիմա տեսնում եմ, որ սխալներն ու դնջությունն ընդունելու փոխարեն տակառներ է գլորում մեզ վրա, ուզում եմ խնդրել՝ չծաղրել մեր բանականությունը, նախ դա իրեն չի սազում, մյուս կողմից՝ դա վայել էր սերժիկներին, իսկ երրորդ կողմից՝ դրա մասնագետը ես եմ, մրցել խորհուրդ չեմ տա:
Պատմաքաղաքական տեսանկյունից, այսինքն մի քիչ հեռվից նայելով, այսպես ասեմ, իհարկե, իշխանությունը ժողովրդից, է ու իշխանությունն, ունենալով այդ քվեն, ինքն է որոշում ինչ անել, ինչպես անել, գոհ կլինեն մարդիկ՝ իշխանությունը կվերընտրվի, դժգոհ կլինեն, կզիջի տեղը: Լավ կլիներ, որ միշտ կապի մեջ լիներ հանրության հետ, երկկողմանի կապն ի նկատի ունեմ: Ավաղ, խզվում է այդ կապը: Օրինակ, եթե նախարարը դժգոհում է քննադատությունից, քննդատողներին կարող էր հրավիրել՝ լսել, ինչ են առաջարկում էս խայտառակությունից ելնելու համար, չարեց, նախընտրեց հեգնել հարցազրույցում, համ էլ, եթե խայտառակություն չի համարում իր արածը, ինչ կարիք կա քննադատողներին առերես լսելու: Հենց այդտեղ էլ խզվում է: Հարցը այս կամ այն պաշտոնյան չէ, այլ հանրային կարիքների բարեխիղճ սպասարկումը: Ես պարտքս եմ համարում տեսածս մատնանշել, ես երբեք աջ չեմ քաշել կանգնել, որպեսզի հետո չարախնդամ: Շատ եմ ափսոսում չարվածի համար, երբ պատկերացնում եմ, թե ինչքան առաջ ընկած կլինեինք ներքին զարգացումներում ու պետությունների ցանկում, եթե այսպիսի պահպանողականությունը և որոշ դեպքերում հետադիմականությունը չարգելակեր հետհեղափոխական հույսն ու ակնկալիքը, «դավադրություն» առայժմ չեմ կարող ասել, ասողներ կան: Ափսոս: Հարգելի ընթերցողներ, կարեցեք չափավորել ակնկալիքներդ, նախարարից կլինի, եղանակից կլինի, Աստծուց կլինի, թե բորշից, հին բան եմ ասում, հավատացեք:
Ձեր՝ Կինո Երևանի մայլի անգրագետ հարկատու պողոս»: