«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Նորքի տուն ինտերնատի վարակված բնակիչների թիվը 10-ից չի անցնում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին ասաց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Մեզ մոտ գտնվող քաղաքացիների առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր ու միջին ծանրության»,- նշում է խոսնակն ու հավելում, որ չնայած ինտերնատի բնակիչների տարիքային շեմը բարձր է ու նրանք խոցելի խումբ են համարվում, այնուամենայնիվ, իրենց կենտրոնում գտնվող քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր չի գնահատվել:
Նշենք, որ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել էր, որ Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 բնակչի, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Նրանց մեծ մասը տեղափոխվել է հիվանդանոցներ, մի քանիսը հյուրանոցներ:
Առավել մանրամասն տեղեկություններ արդեն հայտնել ենք մեր նախորդ հրապարակմամբ: