ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ՄԻՊ հարգելի պարոն Արման Թաթոյան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր կողմից Մարության-Խառատյան ընտանիքների դեմ այս արշավով անհանգստություն հայտնելու և արագ արձագանքելու համար: Ֆորմալ իմաստով սա Ձեր գործառույթների մեջ չի մտնում, ուստի անձնական միջամտությունը չափազանց գնահատելի է:

Սա ասելով հանդերձ՝ մի փոքր տարակուսելի է տեսնել Ձեր այս պարզաբանում-հերքումը, առ այն, թե` «Գլխավոր դատախազը հանցակազմի առկայության կամ բացակայության հետ կապված կարծիք կամ դիրքորոշում չի հայտնել և, հետևաբար, այդպիսի կարծիք չէր կարող փոխանցվել տիկին Խառատյանին»: Տարակուսելի է, քանի որ նույն օրը հեռախոսային խոսակցություն ենք ունեցել նաև ես և Դուք, որի ընթացքում Դուք նաև ինձ եք ասել, որ Ձեզ հետ զրույցում դատախազը հանցակազմ չի տեսնում գրառման մեջ:

Ամենևին չէի ցանականա հրապարակային խոսել այս մասին, եթե չլիներ Ձեր կողմից ղեկավարվող կառույցի էջում հրապարակումը»: