Սերոբ Խաչատրյանը գրել է․

«Հայ ուսուցիչների միության ֆեյսբուկյան էջում մեկնաբանություն կարդացի, թե իբր իմ առաջարկով է նախարարությունն ընդունել մարտի 13-ից հետո նշանակված թվանշանները չճանաչելու որոշումը։ Պարզաբանեմ շախմատի լեզվով։ Պատկերացրեք, ես սպիտակներին առաջարկում եմ 3-րդ քայլում դիտարկել Փիղ g5 տարբերակը։ Բայց սպիտակները իմ առաջարկը հաշվի չեն առնում և մի քանի այլ քայլ կատարելուց հետո 7-րդ քայլում խաղում են Փիղ g5։ Երբ ուսուցիչները, տնօրենները, մասնագետները ու նաև ես, քննադատում ենք այդ քայլը, ինձ հակադարձում են, թե ես եմ առաջարկել խաղալ Փիղ g5։ Այսինքն՝ թույլ է տրվում պարզագույն սխալ։ Հաշվի չի առնվում այն հանգամանքը, թե որ քայլի ժամանակ, երբ եմ ես այդ առաջարկն արել։ Մարտ ամսին տարբեր երկրների մասնագետներ տեսակետ էին հայտնում, որ այն ինչ տեղի է ունենում չի կարելի համարել հեռավար կրթություն։ Դա արտակարգ իրավիճակում տեղի ունեցող կրթություն է, որի արդյունքները վավեր չեն։ Այս համատեքստում ես նախարարությանը հարց եմ տվել (ի դեպ, իմ հարցին որևէ արձագանք չի եղել). մենք լիարժեք կրթական ծրագիր ենք իրականացնո՞ւմ, թե՞ արտակարգ իրավիճակում փորձում ենք երեխաներին զբաղեցնել։ Եթե վերջինն է, ապա ընդունելի կլինի նաև մինչև մարտի 13-ը նշանակված թվանշաններով տարին փակելը։ Հաջորդիվ, վարչապետը հայտարարեց, որ ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են կատարում, նախարարությունը նույնպես բարձր գնահատեց հեռավար ուսուցումը։ Ապրիլի առաջին տասնօրյակում նախարարությունը պաշտոնապես ուսուցիչներին հորդորեց ձեռնպահ մնալ թեմատիկներից, բայց իրականացնել աշակերտների գնահատում՝ ըստ գիտելիքի յուրացման աստիճանի։ Ուսուցիչները սկսեցին թվանշաններ նշանակել, որոշները նաև թեմատիկ գրավորներ են արել։ Նախարարությունը հապճեպ ստեղծեց էլեկտրոնային մատյան, առաջարկեց 5 օրում բոլոր թվանշաններն անցկացնել էլեկտրոնային մատյանում։ Եվ միայն ապրիլի 27-ին հայտարարեց թվանշանները չճանաչելու մասին։ Ինչպես տեսնում եք, մի քանի քայլ անելուց հետո նախարարությունը կայացրեց մի որոշում, որը որպես տարբերակ, ես առաջարկել էի դիտարկել մարտ ամսին, ոչ թե մեկ ամիս թվանշաններ նշանակելուց հետո»։