Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Մեր բոլորի ամենօրյա աշխատանքի արդյունքում է ստեղծվում հանապազօրյա հացը, կառուցվում են շենքեր, զարգանում է գիտությունը․․․ Անկախ նրանից՝ ինչ աշխատանք ենք կատարում, մենք միասին ենք շենացնում մեր Հայաստանը։
Սիրել սեփական աշխատանքն ու գնահատված լինել․ մի՞թե սա էլ երջանիկ լինելու ևս մեկ կարևոր առիթ չէ։ Վստահ եղեք՝ հիմա առավել քան երբևէ պետությունը ջանում է աշխատողի համար ապահովել աշխատանքային առավել արժանապատիվ պայմաններ ու պաշտպանված իրավունքներ։
Համավարակի օրերին մեր բուժաշխատողները, ոստիկանները և ռիսկային այլ գոտիներում աշխատող քաղաքացիներն աշխատում են օրնիբուն՝ ապահովելով մեր բոլորիս անվտանգ կյանքը, ինչի համար այսօր հատուկ ուզում եմ շնորհավորել նրանց։ Թող որ յուրաքանչյուրն իր մասնագիտության մեջ կարողանա ավելի հմտանալ և վերելքներ գրանցել։ Մաղթում եմ բոլորիդ բարեկեցություն և ամենայն բարիք»,- ասված է գրառաման մեջ: