Պատմաբան, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ինչպես պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի վերաբերյալ հնչեցրած մտքերին, այնպես էլ վարչապետի մամուլի քարտուղարի՝ օրեր առաջ արած հայտարարությանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ակնարկում է, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը այլ երկրի հատուկ ծառայությունների հավաքագրված գործակալ է։

Իսկ ես ակնարկում եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը հավակնում է դառնալ հետխորհրդային տարածքի ամենաանմեղսունակ իշխանությունը, քանի որ ռացիոնալ անհատը չի կարող ինչ-որ մեկին ԱԱԾ տնօրեն նշանակել, կոռուպցիայի դեմ պայքարի հերոս դարձնել, իսկ հետո պնդել, թե այդ մեկը օտար գործակալ է։

Ի դեպ վարչապետի մամուլի քարտուղարի սկանդալային հայտարարությունից անցել է երկու օր, բայց իրավական հետևանքներն այդպես էլ բացակայում են։ Այս առումով կարող ենք ենթադրել, որ դա վարչապետ Փաշինյանի հերթական էմոցիոնալ և անպատասխանատու պոռթկումն էր, ինչպես՝ վեթինգը, անցած տարվա թվացյալ դավադրությունը, պետական համակարգի դիմադրելը, հիբրիդային հեղաշրջումը և այսպես շարունակ։

Ընկերներ, ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ իրավիճակը չափազանց լուրջ է ու վտանգավոր»։