Գավառում երեկ գրանցված դաժան սպանություններին և ոստիկանության թերացմանն առաջինը և ամենաօպերատիվն արձագանքել են այսպես կոչված՝ սորոսական համայնքի ներկայացուցիչները: Դա ինչ խոսք զարմանալի չէ՝ հաշվի առնելով այն եռանդը, որով սորոսականները վերջին շրջանում իրավապահ համակարգի համապարփակ ռեֆորմներ են պահանջում:
Զարմանալի չէ անգամ այն, որ թիրախավորվում է ոստիկանությունը, այո՛, այս կառույցի հասցեին հնչող քննադատությունների առյուծի բաժինը օբյեկտիվ է, առկա են թերացումներ, որոնք պարտավոր են շտկել օր առաջ:
Զարմանալին միայն այն է, որ սորոսականների պատկերացմամբ՝ իրավապահ համակարգը միայն ոստիկանությունն է, հազվադեպ դեպքերում՝ ԱԱԾ-ն, սակայն ոչ երբեք ՀՔԾ-ն: Չնայած այն հանգամանքին, որ եթե օբյեկտիվ դիտարկենք հետհեղափոխական Հայաստանում տեղի ունեցած գործընթացները, հիմնականում հենց Գլխավոր Դատախազի և ՀՔԾ անգործության արդյունքում մեզ շատ հայտնի նախկին գործիչներ այդ կառույցների քթի տակից փախան արտասահման: Այդ դեպքում ինչո՞ւ սորոսականները նույնչափ օպերատիվ չեն պահանջում բարեփոխումներ անցկացնել նաև ՀՔԾ-ում: Եթե վերջիններիս տրամաբանությամբ ոստիկանությունում շաբաթը ուրբաթից շուտ է եկել այն պատճառով, որ ժամանակին համակարգից չեն հեռացվել Սերժ Սարգսյանի կադրերը, ապա փաստենք, որ Սերժ Սարգսյանի կադր է նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Սակայն, տարակուսելիորեն Սասուն Խաչատրյանի աշխատանքից սորոսականները չեն դժգոհում, իսկ գուցե պատճառը այն է, որ Սասուն Խաչատրյանի եղբայրը անմիջական և սերտ կապերի մեջ է սորոսականների հետ: Անձամբ Սասուն Խաչատրյանին էլ նկատել են սորոսականների հետ մտերմիկ զրույցի ժամանակ:
Գաղտնիք չէ, որ Դավիթ Խաչատրյանը սորոսի հիմնադրամի խորհրդի անդամ է և թերևս սրանով է պայմանավորված, որ սորոսականները չեն նկատում ՀՔԾ կիքսերը՝ իրենց ողջ ռեսուրսները ուղղելով ոստիկանության դեմ պայքարին: Նպատակն էլ հասկանալի է. նրանք որևէ կերպ չեն կարող համակերպվել, որ իրավապահ կառույցների նկատմամբ վերահսկողության փաթեթը Փաշինյանն այդպես էլ նրանց չփոխանցեց…