Բերման է ենթարկվել կառավարության շենքի դիմաց արտակարգ դրության պայմաններում կոմունալ վճարումների դեմ բողոքի ակցիա իրականացնող երգահան Միքայել Մարգարյանը:
«Նոր իրականության մեջ պարետը որոշում է, որ մենք ակցիա չենք կարող անել, բայց պարետը որոշել է, որ մենք պետք է վճարենք կոմունալները կամ պետք է մնանք մեր տներում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց քաղաքացին։
Տեսնելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին՝ քաղաքացին ասաց. «Պարոն Սասուն Միքայելյան, քաղաքացուն այսօր խանգարում են ակցիա անել, հարգելիս մի հատ լուծում տվեք այս հարցին, միջամտեք»։ Սակայն, Միքայելյանը չմոտեցավ նրան, իսկ ոստիկանները, ձեռքից վերցնելով նրա հեռախոսը, բերման ենթարկեցին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարել էր, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած: