Ինձ համար անհասկանալին այն է, թե ինչպես է Մարդու իրավունքների պաշտպանը հապաղում կամ առնվազն նույն արագությամբ չի արձագանքում, երբ ես երեք անգամ բարձրաձայնում եմ իրավական պրակտիկայում ամենակոպտագույն իրավունքի խախտումներից մեկի մասին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։ Նա, մասնավորապես, նշել է.
«Այսօր ծանոթացա Մարդու իրավունքների պաշտպանի հերթական հայտարարությանը: Հայտարարության բովանդակության հետ առարկություն չունեմ, ավելին թեև իմ դատավարական հակառակորդը ոչ միայն սուտ, զրպարտող, այլ ատելություն սերմանող հայտարարություններով է այս ժամանակահատվածում հանդես եկել, ցավում եմ կատարվածի համար և նույնը կասեմ ցանկացած փաստաբանի համար:
Ինձ համար անհասկանալին այն է, թե ինչպես է Մարդու իրավունքների պաշտպանը հապաղում կամ առնվազն նույն արագությամբ չի արձագանքում, երբ ես երեք անգամ բարձրաձայնում եմ իրավական պրակտիկայում ամենակոպտագույն իրավունքի խախտումներից մեկի մասին: Մեկ ամսից ավելի բացակայած` Ապրիլի 17-ին աշխատանքի վերադարձած և անհապաղ քննության ենթակա միջնորդությունը (Մարտի 16-ից ներկայացրած) լսելու փոխարեն, չպլանավորված արձակուրդ մեկնելու վերաբերյալ, Դատարանի նախագահի անգործության վերաբերյալ: Ի՞նչն է պատճառը որ Օմբուդսմենը երկրում համաճարակային վիճակի պայմաններում` ՀՀ երկրորդ նախագահի իրավունքների մեղմ ասած` կոպտագույն խախտումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի գալիս...
Հ.Գ. Միջազգային փորձում այս ժամանակահատվածում հենց իրավապաշտպան կառույցներն են առավել ակտիվը պնդում կորոնավիրուսային վարակի պայմաններում կալանավորումները փոխելու անհրաժեշտության մասին»: