ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է քրոջ՝ Շուշան Փաշինյանի՝ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանի դեմ ներկայացրած դատական հայցին:
«Միակ գործիքը, որ կա ձեր ձեռքերում' կեղծիքն ու սուտն է, որոնք իհարկե, անպատասխան չեն մնալու»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարիամը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը, ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 23-ին՝ ժամը 14:00-ին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Շուշան Փաշինյանը պահանջում է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցի իր պատվին ու արժանապատվության պատճառված վնասը, այն գնահատելով 2 մլն դրամ։
Հայցի առարկան Ն.Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումն էր հայտնի «իկռայի» վերաբերյալ առ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի սեւ խավիար է գնում Երեւանի ռեստորաններից մեկից։ Ն.Սամսոնյանը պնդում է, որ հայտնած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, սակայն հրաժարվել է մեկնաբանել անչափահաս աղջկա կողմից ներկայացված հայցը։
Նշենք, որ այն առաջին անգամ դատարան մուտք է եղել 2020 թվականի փետրվարի 26-ին ու մակագրվել դատավոր Զարուհի Նախշքարյանին, սակայն դատարանն այն վերադարձրել էր՝ գտնելով, որ չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածի դրույթները։
Արձանագրված խախտումները վերացվել են ու այն կրկին ներկայացվել է արդեն մարտի 13-ին։
Մարտի 20-ին դատարանը որոշել է վարչապետի միջնեկ դստեր երկրորդ անգամ ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ։