ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«2018 թվականի այս օրը՝ ապրիլի 23-ին, վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, ինչն անկյունաքարային դարձավ թավշյա հեղափոխության հաղթանակի համար։ «Մերժիր Սերժին» կարգախոսով ծավալված համաժողովրդական հեղափոխությունը հասավ իր մարտավարական նպատակին՝ Սերժ Սարգսյանը հեռացավ։
Իրականում, սակայն, հեղափոխության ռազմավարական նպատակը, տեսլականը նոր Հայաստանն էր ու է, այնպիսի Հայաստանը, որում այլևս իշխանությունները կփոխվեն ոչ թե հեղափոխությունների, այլ ժողովրդավարական ինստիտուտների՝ ընտրությունների միջոցով։ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը արեցին նոր Հայաստանի կայացմանն ուղղված կարևորագույն քայլը՝ նախկին ռեժիմը հեռացավ, և ճանապարհ հարթվեց նոր մարդկանց, նոր դեմքերի, նոր մտքերի ու գաղափարների, նոր քաղաքականության համար։ Դժբախտաբար, սակայն, անցած երկու տարիներին Հայաստանի հանրային-քաղաքական օրակարգում շարունակեց տիրապետող լինել անցյալի հետ հակադրությունը, ներկայի ու անցյալի միջև համեմատությունը։
Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին մենք այսօր նույնիսկ չպետք է հիշեինք ու նրանց չպետք է համարեինք թեկուզ աննշան քաղաքական գործոն։ Որովհետև թավշյա հեղափոխությունը ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին էր, և հեղափոխությամբ ծնված նոր իրականությունը պետք է ստեղծեր այնպիսի մրցակցային քաղաքական միջավայր, որտեղ կծնվեին նոր գաղափարներ, նոր քաղաքական առաջնորդներ, որոնք հասարակության համար նախընտրելի կլինեին ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, այլև հենց նույն Նիկոլ Փաշինյանի համեմատ։ Ցավոք, այդ մրցակցային քաղաքական միջավայրը դեռևս չի կայացել, որի մեղավորն արդեն ոչ թե գործող իշխանությունն է ու Նիկոլ Փաշինյանը, այլ իշխանությունից դուրս գտնվող բոլորս՝ քաղաքական գործիչներս, քաղաքացիական հասարակության, մամուլի ներկայացուցիչները, էլիտան՝ ընդհանուր առմամբ։ Իսկ դա նշանակում է, որ հեղափոխությունը դեռևս անկատար է, անկատար է այնքան ժամանակ, քանի դեռ չի ստեղծվել այդ մրցակցային քաղաքական համակարգը, քանի դեռ հանրային օրակարգը ներկայի ու անցյալի հակադրությունից չի տեղափոխվել ապագայի մասին բանավեճերի, քննարկումների հարթություն։
2018 թվականին մենք հեղափոխություն ենք իրականացրել հանուն ապագայի, սակայն արդեն երկու տարի է՝ դեռ խարխափում ենք անցյալի ոլորաններում։ Հետևաբար այս հարցում անելիք ունենք բոլորս՝ ձևավորելու ու կայացնելու այնպիսի քաղաքական-քաղաքացիական համակարգ, որում մրցակցությունը կգեներացնի նոր գաղափարներ, նոր որակներ, ապագային միտված ծրագրեր ու դրանք առաջնորդող նոր լիդերներ։
2018 թվականի ապրիլի 23-ի Սերժ Սարգսյանի հրաժարականը թավշյա հեղափոխության մարտավարական նպատակն էր, որի իրագործումը խթան հանդիսացավ հեղափոխության շարունակության համար։
Սակայն թավշյա հեղափոխության ռազմավարական նպատակը՝ նոր որակի պետությունը, նոր Հայաստանի կայացումը, դեռևս մնում է չիրագործված։
Հետևաբար բոլորիս մտքերն ու գաղափարները պետք է ուղղված լինեն այդ նպատակի իրագործմանը, որպեսզի թավշյա հեղափոխությունը բացառիկ, պատմական հնարավորությունից չվերածվի երկրի ու հասարակության համար պատուհասի, որի հետևանքները կարող են անդառնալի լինել բոլորիս համար»։