Վանաձորում տեքստիլ արտադրության աշխատակիցները գնացել են գործի ու չեն ենթարկվում իշխանությունների պահանջին։ Սա եզակի երևույթ չէ, ու գնալով դժվար է լինելու մարդկանց պահել տներում: Փող չունենալը մարդուն անկառավարելի է դարձնում։ Միայն թե չսկսեք մեղադրել, բարոյախրատական ճառեր կարդալ, մարդիկ ապրել են ուզում, իսկ որ գնալով տնտեսական վիճակը ծանրանալու է, կասկած չկա: Պետությունը պետք է շեշտը դնի ներքին ռեսուրսների վրա, չպետք է երկրում անմշակ հող մնա, ավելի լավ է քիչ խոսել ու շատ գործ անել, ավելի լավ է գյուղոլորտին այսօրվանից ասել, թե ինչ է պետք ցանել, որ մշակաբույսերն են պետք գալու մեզ սեպտեմբեր-հոկտեմբերին: Բյուջե փող չի մտնելու, ու այն նվազելու է, Հայաստանը չունի այնքան փող, որ այս ապրելակերպով մեկ տարի դիմանա: Հասկացեք' վիրտուալ հաղթանակներով ստամոքս չես լցնի, ցորենը կարող ենք բերել Ռուսաստանից, այնտեղ բերքը լավ է, մնում է մտածել տեղում այլ արտադրանքների արտադրություն սկսելու մասին: Չէր խանգարի, որ այս ծանր ու վտանգավոր պահին իշխանությունը միավորեր, այլ ոչ թե բաժաներ մարդկանց։ Հիմա բոլորս մեկ գույնի ենք։ Ուժ գտեք ձեր մեջ, պարոնայք ու տիկնայք, վաղը ուշ կլինի: