Արարատի մարզի Նարեկ համայնքում կանայք այլեւս միմյանց սուրճի չեն հրավիրում, համայնքի բնակիչների մեծամասնությունն էլ իրենց այգիներում է. գյուղատնտեսական աշխատանքների շրջան է:
Համայնքի կամավոր միավորման խմբի ղեկավար, աշխատակազմի քարտուղար Անիկ Հովհաննիսյանը վստահեցնում է՝ իրենց համայնքում այլեւս կանգառներում մարդիկ չեն կուտակվում ու շարունակեց. «Համայնքի ղեկավար Գարուշ Հակոբյանի ցուցումով՝ համայնքում գործող հինգ մանր առեւտրի կետերի տերերի հետ կազմակերպվել են հանդիպումներ, բացատրել եմ կանխարգելման միջոցառման կարեւորության մասին։ Համայնքապետարանի կողմից տրվել է «Ձեռքերը ախտահանեք» ցուցում, որը փակցված է խանութի տեսանելի վայրում։
Խանութներում դրված է ալկոգել կամ քլորամինի լուծույթ, որով հաճախորդներն ախտահանում են ձեռքերը, ինչպես նաեւ ամենօրյա ռեժիմով ախտահանվում են խանութները։ Իսկ հերթեր չգոյանալու նպատակով խանութում երկու հաճախորդից ավել միաժամանակ չեն լինում»:
Համայնքում ախտահանման աշխատանքներին զուգահեռ իրակացվում են նաեւ սոցիալական օգնության միջոցառումներ: Անիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, քանի որ համայնքում ունեն երկու միայնակ ծերունիներ, համայնքի ղեկավարի որոշմամբ՝ նրանց յուրաքանչյուրին տրվել է 10 000-ական դրամ օգնություն։
«Մեր համայնքը հայտնի է՝ որպես տնկարանային տնտեսություն: Այդ իսկ պատճառով համայնքում ծառատնկման սեզոնին շատ են լինում այլ համայնքից այցելություններ։ Այդ իսկ պատճառով համայնքի ղեկավարը խստագույնս զգուշացրել է բնակիչներին, որ հնարավորինս հեռու կանգնեն միմյանցից, իսկ առեւտրի դեպքում հաճախակի ախտահանեն ձեռքերը։ Իսկ մեր համայնքի այն բնակիչները, որոնք իրենց տնկիները տեղափոխում են այլ համայնք, պարտադիր իրենց հետ ունենում են ձեռնոցներ, դիմակներ եւ ախտահանող հեղուկներ»,-ասաց նա:
Անիկ Հովհաննիսյանն ասաց, որ իրենց համայնքին բնակիչները զգուն են այս օրերին ու պատմեց. «Եթե անգամ որեւէմեկը դուրս է գալիս համայնքի կենտրոն, ապա բնակիչները ահազանգում են մեզ եւ զգուշացնում»: