Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գարեգին Երկրորդ Հայրապետի նկատմամբ երեկվանից սկիզբ առած քստմնելի հալածանքը շատերիս ստիպեց ծանր խորհրդածություն ունենալ։ Շատերիս ստիպեց մտածել մեր ինքնության մաս կազմող քրիստոնեական բաղադրիչի մասին։ Քրիստոնեականը՝ ազգայինի, մասնագիտականի, գործնականի, ընտանեկանի, ընկերականի հետ մեկտեղ, մեզնից շատերի ինքնության մասն է կազմում։ Իսկ քրիստոնեության հայրերը շնորհակալ էին լինում իրենց հալածողներից, քանի որ հենց հալածանքներն էին ամրացնում հավատքը, առիթ տալիս վկայելու հոգևոր առաքինությունների ու մարդկայնության մասին առավել մեծ եռանդով ու համոզչականությամբ։
Երկար մտածեցի ու հիմա ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն հանրային գործիչներին, որոնք ամոթալի ու վիրավորական անդրադարձ կատարեցին Վեհափառի, հետևաբար՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ։ Թող նրանք վստահ լինեն, որ այդ անդրադարձի շնորհիվ մեր շատ ու շատ քույրեր ու եղբայրներ ամրացրեցին ու զորացրեցին իրենց հավատարմությունը հանդեպ մեր Եկեղեցու, նրա դավանած ու քարոզած արժեքների։
Եվ վերջում։ Հայոց 132-րդ Հայրապետին շատերը զորակցություն հայտնեցին։ Մեծ հույս ունեմ, որ զորակցության եղբայրական խոսք կհնչի նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից»։