ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Ուրեմն կա վարակի տարածման գործակից՝ R, որը ցույց է տալիս, թե մեկ մարդը միջինում քանի հոգու է վարակում։
Եթե R-ը 2-ից մեծ է, ամեն վարակակիր իր հերթին 2-ից ավելի մարդու է վարակում, ուրեմն վարակը տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով։ Պարզ ասած, դա վատ է։
Մոտ 20 օր առաջ Հայաստանում R-ը մեծ էր 2-ից։
Արտակարգ դրություն հայտարարելուց և սահմանափակումներ մտցնելուց հետո այն սկսեց նվազել։
Ապրիլի 5-ին Ավինյանը հայտարարեց, որ R-ը նվազել է մինչև 1.4, և հույս հայտնեց, որ կհաջողվի այն նվազեցնել և իջեցնել 1-ից ցածր արժեքի։ Դա կնշանակեր, որ վարակի տարածումը կառավարելի է, և կարելի է կամաց-կամաց մտածել սահմանափակումները աստիճանաբար վերացնելու և բնականոն կյանքի վերադառնալու մասին։
Այսօր Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ R-ը նվազել է մինչև 0.8-0.9: Ըստ այդմ, տնտեսական գործունեության որոշ տեսակներ կթույլատրվեն։
Իսկ եթե R-ը հաջողվի ավելի նվազեցնել՝ հասցնել 0.5-ից էլ ներքև, ապա կարող ենք մտածել սահմանափակումները ամբողջությամբ վերացնելու մասին՝ միաժամանակ պահպանելով զգուշավորությունը և պատահակաի թեստեր անելով։
Ամփոփելով՝ մեր բոլորիս նպատակն է R-ը հնարավորինս արագ նվազեցնել (վարակի տարածման տեմպը թուլացնել):
Իսկ դրա համար ընդամենը պետք է մնալ տանը և հետևել արտակարգ ռեժիմի կանոններին։
Թունելի վերջում լույսը երևում է, ու որքան շատ տանը մնանք, այնքան շուտ տանից դուրս կգանք»,- գրել է նա։