Ռուսաստանում երեկ շատ ճիշտ որոշում են ընդունել՝ թոքաբորբով ցանկացած պացիենտի վերաբերվել որպես COVID-19-ի հիվանդի՝ չսպասելով թեստերի արդյունքներին։

Սա, նախ, հնարավորություն է տալիս խուսափելու բուժանձնակազմի և այլ հիվանդների վարակման դեպքերից, ինչպես մի քանի անգամ եղավ Հայաստանում էլ, երբ առանց իմանալու վարակի մասին, մեկ հիվանդին ընդունած բուժկենտրոնների բազմաթիվ աշխատողների հետո ստիպված մեկուսացնում էին՝ կաթվածահար անելով մի ամբողջ առողջապահական միավոր։

Երկրորդը՝ հիվանդին, անկախ ամեն ինչից, տեղափոխում են հիվանդանոց և անհրաժեշտության դեպքում կարող են շատ արագ միացնել համապատասխան համակարգերին։ Սա հնարավորություն է տալիս փրկելու այն հիվանդներին, որոնք թվում է, թե այդքան էլ վատ չեն զգում իրենց, հետո ժամերի ընթացքում կտրուկ վատանում ու մահանում են։

Ինչպես երևի արդեն գիտեք, COVID-19-ի դեպքում որոշ հիվանդներ կարող են մի քանի օր «միջին վատ» վիճակում լինել, իսկ հետո ժամերի ընթացքում վատանալ ու մահանալ, այնպես, որ նույնիսկ հիվանդանոցի ներսում չեն հասցնում ինչ-որ բան անել, որ փրկեն։