ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Պարբերաբար և հնարավոր բոլոր ճանապարհներով քննարկվում է պատգամավորներիս պարգևավճարը` խստագույնս լուտանքներ թափելով և անիծելով։ Ասեմ, որ չեմ նեղվում խոսքերից, բայց հանուն արդարության ներկայացնեմ իրավիճակը։
Այո, որոշակի ժամանակահատվածից սկսած ամեն ամիս ստացել եմ 152.000 դր պարգևավճար (որը մամուլում ներկայացվում է 500000) և բոլորն էլ շատ լավ գիտեն իմ գործունեության ծավալները և հնարավոր բոլոր ճանապարհներով մարդկանց ձեռք մեկնելն ու հասնելը թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես։
Երբեք 152 հազար դրամը չի ծածկել անգամ իմ այցերը մարզեր, քանի որ ամսվա կեսն անցկացնում եմ մարզերում, գյուղերում և տեղում ծանոթանում եմ գյուղացիների խնդիրներին, որոնք տեսանելի են իմ պարբերական բարձրացող հարցերով և առաջարկվող լուծումներով։ Ասեմ, որ այս նպատակին ծառայում է նաև աշխատավարձիս որոշ հատված, որը կողմնակի եկամուտներ չունենալուս պատճառով դժվարացնում է սովորական անձնական հարցերի լուծումը։ Չեմ դժգոհում առհասարակ պարգևավճար չստանալուց, բայց տրամաբանական է, որ միշտ չէ, որ կկարողանամ ֆիզիկապես ներկա գտնվել կարիքավորի կողքին` ծանոթանալու խնդիրներին և գտնելու ճանապարհը խնդիրների լուծման։
Այո, վստահ եմ, որ գրառումիցս հետո շատերը հասկանալու են ասածս, շատերը փորձելու են ավելի խիստ լուտանքներ թափել, շատերը քննադատելու են, բայց քանի որ ազնվությունն ինձ համար առաջնահերթություն է, պարզապես չկարողացա կրկին արդիական դարձած այս հարցին չանդրադառնալ։ Առանց առարկության եմ հրաժարվել և սիրով այսուհետ էլ կհրաժարվեմ պարգևավճարից, քանի որ իր չափը և բարձրացող աղմուկի ծավալը իրար հետ չհամընկնող է։ Բայց ինձ պետք կգա ծառայողական մեքենա, որպեսզի ես շարունակեմ աշխատել այն ծավալով, որը պլանավորել եմ։
Վստահ եմ, սրանից էլ եք նեղվելու` համարելով «մեծ ախորժակ» , բայց հավատացե՛ք, օրը 20 ժամ եմ աշխատում և այդ ամենում ներ եմ դնում ոչ միայն անձնային հմտություններս ու կարողություններս, այլ նաև աշխատավարձս ։ Ես այս ամիս հանգիստ եմ ապրում, քանի որ պարգևավճար չեմ ստացել, հաջորդիվ էլ եմ ապրելու, քանի որ չեմ ստանալու, բայց որքան եմ կարողանալու լինել կարիքավորի կողքին, դա թույլ է տալու միայն աշխատավարձս։
Ինչևէ, չեմ գրել քանի որ նեղվում եմ, գրել եմ, քանի որ հասկանում եմ, որ շատերը չեն հասկանում իմ ուսուցիչ եղած ժամանակի օրենքով պատասխանատվությունը և պատգամավոր եղած ժամանակի պատասխանատվությանն ու պարտավորության ծավալի տարբերությունը, այն ժամանակ օրենքով ունեի պարտավորություն մեկ դպրոցի որոշակի թվով աշակերտների հանդեպ, այսօր...
Գյուղ է եղել, որ մեկ տարվա մեջ 3 անգամ գնացել եմ խնդիրներից դրդված, բայց ամեն անգամ դիմավորել են նույն արտահայտությամբ «ընտրությունից ընտրություն եք գալիս »։ Սա էլ եմ հասկանում, որ ավելի հաճախ են ուզում ինձ տեսնել, երբեմն կատակով անգամ ասում եմ «Ձեռքերդ հնար լինի, ինձ կտանեք ձեր տանը կպահեք, մենակ թե ամեն օր տեսնեք»։
Քննադատե՛ք, դեմ չեմ, ես էլ եմ ժամանակին քննադատել, բայց եղեք կառուցողական, քանի որ ես այդպիսին եմ եղել։ Հիշեք, չեմ ունեցել բիզնեսներ, չունեմ այն և դժվար էլ այս ապրելակերպով վարկերս փակեմ, որոնք ունեի երեկ, ունեմ այսօր ու կունենամ վաղը։ Բայց հո հարցը դա չի, այլ խիղճս հանգիստ ապրելն է։ Լավ եղեք, պատրաստ եմ նաև ճանապարհային քարտեզս և բանկային քաշվածքս տրամադրել։
Հարգանքով `առանց պարգևավճարի հանգիստ խղճով ապրող պատգամավոր»։