Այն մարդիկ, որոնք իրավունք ունեն գտնվելու աշխատավայրում, անպայման ունենալու են հնարավորություն այցելել աշխատանքի վայր, այնուամենայնիվ, պետք է խնդրենք, որ այդ անձինք իրենց հետ ունենան անձնագիր կամ այլ անձը հաստատող փաստաթուղթ։ Այս մասին այսօր՝ մարտի 24–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մինչեւ մարտի 31–ը տեղաշարժի առումով գործող խիստ սահմանափակումներին։
«Պետք է լինի նաեւ մի ձեւաթոուղթ, որում նշված կլինի, թե անձը ուր է գնալու, որ ժամին է գնալու, այդ այցելության վայրի հասցեն, անվանումը, նպատակը եւ վերադարձի ակնկալվող ժամը»,– ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ հնարավորություն կլինի նաեւ առեւտրի կետեր եւ բուժհաստատություններ այցելելու համար. «Դեղատներ, սննդի օբյեկտներ, նույնիսկ գյուղատնտեսական շուկաներ, եւ առողջական խնդիրներ ունեցող անձինք անպայման հնարավորություն ունենալու են այցելել հիվանդանոցներ կամ պոլիկլինիկաներ»։
Նրա խոսքով՝ քաղաքացիները այս որոշմանը կարող են ծանոթանալ նաեւ կառավարության պաշտոնական կայքէջում։