ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոչ, հորդոր, ինչու չէ նաև՝ խնդրանք բոլոր բուքմեյքերական ընկերություններին և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներին:
     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում հայտարարված է արտակարգ դրություն, և մարդկանց հորդորում են մնալ տանը և հնարավորինս քիչ տնից բացակայել, կոչ եմ անում բոլոր բուքմեյքերական ընկերություններին, ինչպես նաև՝ բոլոր այն ընկերություններին, որոնք կազմակերպում են ինտերնետ շահումով խաղեր, այս օրերի ընթացքում համացանցում նվազեցնել իրենց ընկերությունների գովազդը:
     Ամիսներ առաջ մենք միասին քննարկում էինք ձեր ընկերությունների գովազդի սահմանափակման օրինագիծը, որի ժամանակ ես՝ որպես նախագծի հեղինակ, մի քանի զիջումների գնացի՝ ելնելով օբյեկտիվ պատճառներից:
     Հիմա, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որը կարծում եմ, ամբողջովին օբյեկտիվ պատճառ է, որպեսզի Ձեզ դիմեմ կոչով և հորդորով, դադարեցնել այս գովազդային արշավը սոց ցանցերում և տարբեր կայքերում: Պետք չէ օգտվել ստեղծված իրավիճակից և հիշեցնելով տանը մնալու հանգամանքը՝ մեր քաղաքացիներին գայթակղիչ գովազդների միջոցով տանել դեպի այդ հարթակ:
     Բոլոր այն կայքերը, որոնք տեղադրում են սույն ընկերությունների գովազդը նույնպես կոչ եմ անում այս ժամանակահատվածում զերծ մնալ նման բովանդակությամբ գովազդներ տեղադրելուց:
     Շնորհակալություն:
     Առողջություն բոլորիս»: