ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն արձագանքել է Հակոբյանի կորոնավիրուսի թեստի վերաբերյալ համացանցում տարածված մտահոգություններին։
Հարությունյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Համացանացում շրջանառվող մտահոգության առթիվ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նույնպես մարտի 15-ի երեկոյան անցել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը եղել է բացասական։ Մարտի 16-ից Աննա Հակոբյանը Երևանում է»,- նշել է նա։
Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ կորոնավիրուսի տարածմամբ և ՀՀ-ում արտակարգ դրության հաստատմամբ պայմանավորված՝ Աննա Հակոբյանն անորոշ ժամանակով հետաձգել է բոլոր հանդիպումները։
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Իմ քայլը» հիմնադրամը դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը։ Ներկա դրությամբ Հիմնադրամի աշխատակիցներն իրականացնում են խորհրդակցություններ, ուսումնասիրություններ՝ հասկանալու համար կարիքները․ ըստ այդմ կհստակեցվեն նաև հետագա անելիքները։ Որպես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ' Աննա Հակոբյանը տնից համակարգում է այդ աշխատանքները»,- գրել է վարչապետի տիկնոջ մամուլի խոսնակը։
Նա հայտնել է, որ միաժամանակ, ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, ՀՀ վարչապետի տիկինը երեկ առավոտյան դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար։