ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
«Այսօր ծանոթացա Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ մասին մի քաղաքացու նկարահանած տեսանյութին: Ըստ հրապարակային տեղեկությունների՝ այսօր այդ տեսանյութի հեղինակը ենթարկվել է ծեծի։
Այս պատասխանատու փուլում բոլորիս գերնպատակը պետք է լինի «կորոնավիրուս» կոչվող չարիքի դեմ պայքարը՝ համախմբված, համերաշխության մթնոլորտում՝ իրար աջակցելով, այլ ոչ թե ծաղրելով կամ վիրավորելով։ Նման բարդ ու զգայուն իրավիճակներում հատկապես պետք է իրար նկատմամբ լինենք առավելագույն հարգանքով՝ բացառելով որևէ վիրավորանք, մեկս մյուսի արժանապատվությունը նսեմացնելու փորձ:
Մյուս կողմից, եթե մարդը թույլ է տվել մեկ այլ անձի իրավունքն առերևույթ խախտող արարք, ապա խնդրի մասին պետք է տեղեկացնել պատկան մարմիններին, այլ ոչ թե դիմել «ինքնադատաստանների»:
Պատասխանատվության հարցը լուծելու համար կա պետություն և վերջ։
«Նախընտրելի» մասնավոր տարբերակներով իրավական երկիր չեն կառուցում։
Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սոցիալական ցանցերում իրար վիրավորելն ու արժանապատվությունը նվաստացնելը կարող է առավել վտանգավոր հետևանքներով տեղափոխվել իրական կյանք:
Հենց սրա համար եմ նաև այդքան խնդրում քաղաքացիներին սոցիալական ցանցերում չներքաշվել այնպիսի «քննարկումների» մեջ, որոնք ծաղրում, վիրավորում կամ նվաստացնում են մարդու արժանապատվությունը: