Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փորձը ցույց է տվել, որ մենք համախմբվում ենք լուրջ վտանգների ժամանակ։ Ու հաղթում։
Կորոնավիրուսը նույնպես այդպիսի վտանգ է, որը առողջապահականից բացի, նաև տնտեսական լուրջ ռիսկեր է պարունակում։ Հայաստանը, լինելով փոքր ու բաց տնտեսություն, չի կարող զերծ մնալ այդ վիրուսի բացասական ազդեցություններից։
Ինչպես նշել եմ, կառավարության, Կենտրոնական բանկի ու ԱԺ-ի տնտեսական բլոկը ամբողջ թափով լծվել է տնտեսական ազդեցությունների վերլուծության ու հակազդման միջոցառումների մշակման գործին, փոխվարչապետի գրասենյակի ներքո ձևավորվել է տնտեսական օպերատիվ խումբ՝ ամենօրյա ռեժիմով աշխատանքները շարունակելու և գործողությունների միասնական փաթեթ ներկայացնելու համար։
Չնայած սրան, մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ՝ չլսելով իշխանության մեջ չգտնվող բարձրակարգ մասնագետների կարծիքներն ու խորհուրդները։ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը եղել է և կլինի այն հարթակը, որը կապահովի կապը մասնագիտական շրջանակների և որոշում ընդունողների (decision maker) միջև։
Այսօր շատ արդյունավետ ու շահագրգիռ քննարկում ունեցանք, որին բացի ԱԺ պատգամավորներից, կառավարության և ԿԲ ներկայացուցիչներից՝ մասնակցում էին նաև Վաչե Գաբրիելյանը, Վարդան Արամյանը, Հովհաննես Ավետիսյանը, Տիգրան Ջրբաշյանը, Աշոտ Խուրշուդյանը, Հայկազ Ֆանյանը, որոնց շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու, իրենց փորձով, գիտելիքներով կիսվելու և արժեքավոր խորհուրդների / դիտարկումների համար։
Հնչած առաջարկները և դիտարկումները հաշվի կառնվեն փոխվարչապետի գրասենյակի ներքո ձևավորված տնտեսական օպերատիվ խմբի կողմից՝ հակազդման միջոցառումների մշակման ժամանակ։ Ըստ անհրաժեշտության՝ այս հանդիպումները կլինեն շարունակական՝ այս ձևաչափով կամ հեռահար տարբերակով։
Կարելի է ասել, որ ունենք «տնտեսագիտական մոբիլիզացիա», որը թույլ է տալու այս իրավիճակից դուրս գալ մինիմալ վնասներով և ավելի ուժեղացած։
Ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ վերահսկողության տակ է։ Դրանում կասկած չկա։
Առողջ եղեք»։