Հայաստանի բժիշկների մի մասը ոչ միայն չի արել ամեն բան հասարակությանը ճիշտ պատրաստելու արհավիրքին, այլև արել է ճիշտ հակառակը' հիմարություններ է դուրս տվել և հատկապես սոցիալական հարթակներում' փափուկ բարձ դնելով մարդկանց գլխի տակ և անգամ կարողացել է վարչապետին համոզել, որ ջերմությունը կորոնավիրուսի պարտադիր ախտանշան է: Մեծամտաբար մասնագետ ներկայանալով' կոչ է արել հանգստանալ' նույնանալով խորհրդային ժամանակների հիմնական նպատակի' «պանիկա» չտարածելու բժիշկ-պետական պրոպագանդիստների հետ:

Ես Հայաստանի բժիշկներին շնորհակալություն չեմ հայտնում: Ընդհակառակն' պարսավում եմ նրանց մի զգալի մասին և պնդում եմ, որ որոշ բացառություններով անշուշտ' Հայաստանի բժիշկների մեծ մասը գոնե մինչ այս պահն իրեն դրսևորել է որպես ոչ պրոֆեսիոնալ և անպատասխանատու մեծամիտ մի զանգված, որը չարաշահելով չտեղեկացված հասարակության բնական վստահությունը' վտանգել է նրան:

Հիմա բժիշկները պարտավոր են կատարել իրենց աշխատանքը և ծառայել իրենց կոչմանը' ծառայություններ մատուցել ժողովրդին: Բժիշկ լինելը ոչ թե բարձր եկամուտներ ունենալու և բոլորին վերևից նայելու արտոնություն է' այլ հասարակությանն ու նրա անդամներին դժվարաբար ծառայելու բարձր կոչում:

Միայն երբ այս ճգնաժամն անցնի' կարելի կլինի գնահատել հայաստանյան իսկական նվիրյալ բժիշկների ու բուժաշխատողների աշխատանքը: Եվ այդպիսիք հաստատ կան: Բայց դեռ ժամանակը չէ: Անլուրջ շնորհակալությունների ժամանակը չէ' առավել ևս այն ֆոնին, երբ արդեն եղել են բժիշկներ, որ դավաճանել են իրենց կոչմանը' լինել պրոֆեսիոնալներ և մասնագիտաբար ծառայել հանրային առողջության շահերին: