ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այսօր հաստատված 2 դեպքով, ըստ էության, ունենք ներքին փոխանցման առաջին դեպքը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Ըստ էության ունենք ներքին փոխանցման առաջին դեպքը։ Սա, իմ կարծիքով, պետք է լրիվ փոխի պայքարի գործողությունների տրամաբանությունը (եթե դրանք կան)։ Ի՞նչ կարելի է անել նման իրավիճակում․
1) արգելել բոլոր հասարակական միջոցառումները (եթե կա օրենսդրական նման հնարավորություն);
2) հասարակական բոլոր վայրերը ախտահանել մասնագիտական սարքավորումներով (եթե դրանք կան):
3) հայտարարել կարանտին Էջմիածնի և հարակից շրջանների համար։ Քանի դեռ ներքին փոխանցման դեպքերը չեն աճել երկրաչափական պրոգրեսիայով, սա կարող է էապես դանդաղեցնել տարածումը (սովորել Չինաստանի դրական ու Իտալիայի բացասական օրինակների վրա, այլ ոչ թե սպասել նոր դեպքերին ու դրանից հետո նոր տեղաշարժի սահմանափակումներ մտցնել)։
4) Ներդնել ինքնամեկուսացվող մարդկանց վերահսկման ու աջակցման մեխանիզմ, այլ ոչ թե հույսը դնել մարդկանց ինքնակազմակերպման վրա։ Ենթադրենք՝ մեկն ինքնամեկուսավեց, ով է իրեն օգնելու այդ օրերի ընթացքում, ով է սնունդ բերելու և այլն։
5) Որպես պետություն, իր վրա վերցնել դիմակների և մի շարք այլ միջոցների ներկրման գործառույթը, սահմանել վաճառքի քանակի և գնի սահմանափակում, այլ ոչ թե մարդկանց բացատրել, թե ինչու՞ են գները թանկացել։ Վերջապես, եթե չեք կարող ներկրել, կազմակերպեք պարզագույն արտադրություն։
Եվ ամենակարևորը, նշածս քայլերը բացարձակապես ոչ մի խուճապ չեն առաջացնի (իմ կարծիքով), եթե ամեն ինչ կազմակերպվի արագ և որակով։ Խուճապ կարող է սկսվել այն ժամանակ, երբ մեր առողջապահական համակարգը բախվի հազարավոր նոր դեպքերի հետ։ Այդ ժամանակ ամեն ինչ վերահսկելը կդառնա շատ ավելի դժվար։ Իտալիան մեզ օրինակ»։