ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հանրապետության տարբեր բուժհաստատությունների աշխատակիցներ խիստ մտահոգ են կորոնավիրուսի վարակի շուրջ ստեղծված էպիդեմիոլոգիական իրավիճակով:
Մարդիկ վախենում են բարձրաձայնել իրականությունը, բայց բժշկական աշխարհը փոքր է և ներքին խոսակցությունները շատ ավելի բաց են:
Կառավարությունը ավելի խիստ վերահսկողություն է սահմանել հիվանդների մասին տեղեկատվություն տրամադրելու վրա, քան վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ:
Հանրապետության տարբեր հիվանդանոցներից ինձ հասնում են լուրեր նոր հիվանդների մասին, այդ թվում՝ հղի, որոնց մասին տեղեկությունները խիստ գաղտնի են պահվում:
Խուճապ չկա, բայց կա խորացող անվստահություն դիլետանտ և փնթի գործելաոճով մարդկանց հանդեպ, որոնք քաղաքական ամբիցիաները բավարարելու համար դեռևս շոշափելի միջոցներ չեն ձեռնարկում վարակի թռիչքաձև տարածումը կանխելու ուղղությամբ:
Չէ, տղերք դուք լավ չեք պատկերացնում ստեղծված իրավիճակի լրջությունը և ձեր անձնական պատասխանատվությունը թե հիմա՝ այն պատշաճ կառավարելու ուղղությամբ, թե հետո, եթե, Աստված մի արասցե, ձնագնդին դառնա ձնաբուք:
Ի՜նչ հանրաքվե, ի՜նչ ընտրություններ, ի՜նչ պարգևավճարներ...
Մարդկանց մասին չեք մտածում, գոնե ձեր մասին մտածեք: Ժողովրդի զայրույթից չեք պլստալու, եթե իրավիճակը հսկողությունից դուրս եկավ:
Առողջություն բոլորիս»: