Իշխանությունը ինքն իրեն թակարդն է գցել եւ շատ լավ գիտակցում է, որ հանրաքվեի արդյունքները որեւէ կողմի վստահություն չեն ներշնչելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ուշադրություն դարձրել եք, որ այս օրերին իրականացվող քարոզչական հավաքներից չկան դրոնով նկարահանումներ. նույնիսկ չկան վերեւից արված նկարներ։ Գիտեք ինչու՞.
Շատ պարզ է, իրականում այս օրերին ապահովվում է միայն տպավորություն, այսպես կոչված մասովկա, համաձայն որի պետք է ստեղծվի տպավորություն, որ ամեն տեղ լիքը մարդ է մասնակցում, որ հետո էլ ընտրությունները սարքեն եւ կասկածներ չլինեն։
Մի հետաքրքիր տեղեկություն էլ տամ ձեզ։ Պարզվում է այս ընտրությունը լինելու նաեւ աննախադեպ միջազգային դիտորդների սակավության առումով եւս, այսօրվա տվյալներով գրանցված է միայն մեկ միջազգային դիտորդական կազմակերպություն։ Վերջերս էլ իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնել էր Բրյուսել եւ փորձում էր համոզել եվրոպացիներին, որ գան եւ հետեւեն քվեարկության ընթացքին, բայց ապարդյուն, նա դրական պատասխան չստացավ։
Մի խոսքով իշխանությունը ինքն իրեն թակարդն է գցել եւ արդեն իսկ շատ լավ գիտակցում է, որ այս քվեարկության արդյունքները վստահություն չեն ներշնչելու որեւէ կողմի մոտ»: