Այսօր Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում մեկ թիմով ֆուտբոլ է խաղում՝ գնդակներն ուղարկելով դարպասապահ չունեցող մրցակցի դարպասը։ Ակնհայտ է, որ հանրաքվեի շուրջ ծավալված այս պայքարում պարտվողներ չեն լինելու, և Նիկոլ Փաշինյանը հաղթելու է:
Այդուհանդերձ, քանի՞ անգամ պետք է հաղթել Սերժ Սարգսյանին, որպեսզի պարզ դառնա, որ նախկին քաղաքական ուժերը և նրանց տարատեսակ սատելիտներն այլևս կենսունակ չեն և չեն կարող որևէ վտանգ ներկայացնել իրենցից: 2018թ. ապրիլ և դեկտեմբեր ամիսներին մեր ժողովուրդն իր վճռականությամբ հեռացրել է այդ ուժերին քաղաքական ասպարեզից՝ նոր իշխանությանը տալով լեգետիմ իրավունք նախորդ իշխանությունը մարմնավորող և որևէ հանցագործություն կատարած անձանց իրավական ճանապարհով քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Պարտված և հեռացված Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և նրանց ստեղծած համակարգի մասնակիցներին ոչ թե պետք է նորից հաղթել, այլ պետությունը պետք է գործադրի իր օրինական գործիքակազմը՝ այդ մարդկանց ենթադրյալ բոլոր ապօրինի արարքներին իրավական գնահատական տալու համար:
Գոնե ինքս վստահ եմ, որ նախկին քաղաքական ռեժիմները վերադարձի որևէ ռեսուրս չունեն, բայց որ Հայաստանի քաղաքական համակարգը նույնպես պետք է բյուրեղացվի, որ պետք է ստեղծվի իրական ինստիտուցիոնալ քաղաքական համակարգ, որտեղ իշխանության քաղաքական այլընտրանքը կլինի ոչ պակաս ազդեցիկ, քան իշխանությունը, դրանում չեմ կասկածում:
Մեր երկրում պետք է ստեղծվի գործող քաղաքական իշխանությանը համարժեք և ոչ պակաս ազդեցիկ քաղաքական այլընտրանք, որպեսզի ապահովվի պետության բնականոն զարգացումը:
Եվ կստեղծվի...