Սիրիայում ակտիվ ռազմական գործողությունների մեջ ներգրավվելուն զուգահեռ՝ Թուրքիան ակտիվանում է նաև Հարավային Կովկասում։ Օրերս Բաքու էր ժամանել Թուրքիայի նախագահ Էրդողանը, և Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի 8-րդ նիստում կողմերը համագործակցության ավելի քան 10 փաստաթուղթ ստորագրեցին։
Հետաքրքրական է, որ կողմերը ստորագրեցին նաև փոխըմբռնման հուշագիր Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցման նախագծի, ինչպես նաև Իգդիր-Նախիջևան մոտ 160 կիլոմետրանոց գազատարի կառուցման վերաբերյալ: Գաղտնիք չէ, որ Թուրքիան փորձում է հասնել նրան, որ Նախիջևանում թուրքական ռազմաբազա տեղակայվի, սակայն Ռուսաստանն ու Իրանը միշտ փորձել են խոչընդոտել Նախիջևանում թուրքական ռազմաբազայի տեղակայմանը, իսկ Թուրքիայից դեպի Նախիջևան երկաթուղու կառուցումը կարևոր քայլ է այս ուղղությամբ, ուստի Թուրքիան հիմքեր է ստեղծում, որ տարաշրջանում ուժերի բալանսը փոխի իր օգտին։ Եվ այս համատեքստում պատահական չէր, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 2-ին հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ստեղծված իրավիճակում Հայաստանին մնում է ակտիվ համագործակցել Ռուսաստանի, Իրանի և, ինչու չէ, նաև ԵՄ գործընկեր երկրների հետ, որոնց Անկարան սպառնում է սիրիացի գաղթականների հոսքով, Թուրքիայի նկրտումները չեզոքացնելու համար։