Ինչ փաստեր են թաքցրել ՀՀ դատախազությունը և Երևանի քաղաքապետարանը Երևան համայնքին կատարված նվիրաբերությունների գործով կատարված ուսումնասիրության արդյունքից։

Հարգելի գործընկերներ,

Ինչպես հայտնի է, այս տարի Երևան համայնքին կատարված նվիրաբերությունների հարցով Ազգային ժողովում պետք է ստեղծվեր քննիչ հանձնաժողով, որը, սակայն տապալվեց իշխանության քաղաքական որոշմամբ և «Իմ քայլը» խմբակցության ջանքերով։

Նույն օրը, զարմանալի զուգադիպությամբ, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ դատախազության կողմից հրապարակվեց նաև այս գործով դատախազության կողմից ուսումնասիրության հաղորդագրությունը, որտեղ նշված էր հետևալը՝ «Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործընթացներն ընդհանուր առմամբ իրականացվել են օրենսդրության պահանջների պահպանմամբ և դրանցում խախտումներ չեն հայտնաբերվել»։

Այս կիսաճշմարտությունը կամ իշխանությանը տեղեկտավության նախընտրելի հատվածը մի քանի օր հրամցվել է հանրությանը։

Վերոգրյալ պարբերությունից հետո հաղորդագրության մեջ շարադրված են փաստեր, որոնք մամուլից, քաղաքացիներից և մեզ բոլորիցս թաքցրել են թե՛ Երևանի քաղաքապետարանը և թե՛ ՀՀ դատախազությունը։

Մասնավորապես հաղորդագրության մեջ առկա է նաև հետևալը․
«Այդուհանդերձ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նվիրաբերությւոնների վերաբերյալ գործարքները կնքվել են վերը նշված վարչաիրավական գործընթացների ժամանակ կամ դրանցից անմիջապես հետո՝ առաջացնելով դրանց փոխկապակցվածության և փոխպայմանավորվախության մասին հանրային ընկալում, ինչին նպաստում են նաև ուսումնասիրությամբ ի հայտ բերված առանձին փաստեր։

Օրինակ․
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 29.10.2019թ. «Ն և Ս Քոնսթարքշն» ՍՊԸ-ն դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան ՝ խնդրելով համաձայնեցնել նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն։ Դեռևս թույլտվությունը չստացած ընկերությունը սկսել է շինարարությունը, ինչը 19.11.2019թ․ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՔՀՎ վարչության կողմից հայտնաբերվել է։ Նույն օրը՝ 19.11.2019թ․ Երևանի քաղաքապետարանն ընդունել է «Ն և Ս Քոնսթարքշն» ՍՊԸ հետ կնքված նվիրաբերության պայմանագրի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցներից 9 հատը։ Դրանից օրեր անց՝ 25.11.2019 թ․ ընկերությանը տրվել է շինարարության թույլտվություն։ Երևանի քաղաքապետարանը 05.12.2019 թ․ որպես նվիարբերություն ընդունել է ևս մեկ տրանսպորտային միջոց: 24.12.2019 թ․ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, սակայն որևէ մեկը վարչական պատասխանատվության չի ենթարկվել, ըստ էության նկատի ունենալով, որ արդեն իսկ ընկերությանը տրվել է շինարարական թույլտվություն»։
Մեր կողմից նշենք, որ նվիրաբերության պայմանագիրը կողմերի միջև կնքվել է դեռևս օգոստոսին։

Այս մասը ըստ էության դուրս են թողել հրապարակվող ուսումնասիրությունից՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն լույս է սփռում գործարքների և համայնքի կողմից ծառայությունների ստացման ժամանակագրական կապի և այն փաստի վրա, որ ապօրինի շինարարություն իրականացնող ընկերությունը չի ենթարկվել պատասխանատվության, քանի որ դրան նախորդել է աղբատար մեքենաների հանձման-ընդունման գործընթացըև շինթույլտվությունը ։

Պետք է նշեմ նաև, որ մեր կողմից վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից ինքնակամ կառույցների օրինականացման վիճակագրական տվյալների համադրության արդյունքում արձանագրել ենք, որ Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին (Օհանով 15/1 հասցե, «Ալեքս Հոլդինգ» ընկերություն պատկանող 5842 քմ մակերեսի մեծությամբ այլ արտադրական ինքնակամ կառույցներ չեն օրինականացվել։

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, թե ինչու իշխանությունը որոշեց, որ այս հարցերը քննիչ հանձնաժողովի քննարկման առարկա երբևէ չպիտի դառնան։ Հակառակ դեպքում կբացահայտվեին ավելի շատ փաստեր, որոնք ձեռնտու չէին գործող իշխանությանը։

Հենց այս նպատակով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնաժողովի տապալման օրը (այս մասին հրապարակվել է մամուլում և ոչ մեկը չի հերքել) եկավ Ազգային ժողով և թե՛ ԱԺ նախագահին, թե՛ քաղաքական մեծամասնությանը պարտադրեց հետ կանգնել իրենց սկզբունքից, դիրքորոշումից և որոշումից։

Մենք համոզված ենք, որ այս իշխանությունը և գործադիրի կամքից կախված իրավապահ համակարգը Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացրած կոռուպցիոն ռիսկերով հղի բոլոր կասկածելի գործարքները բացահայտելու քաղաքական կամք չունեն և այդ բեռը մնում է հաջորդ իշխանության վրա։