ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և, բեկանելով Հովհաննես Ղազարյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի հունիսի 11-ի դատավճիռը, իրեն առաջադրված մեղադրանքում ճանաչել վերջինիս անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնեմ, որ 2008թ. այդ դատավճռով Հ. Ղազարյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել մեկ տարվա ազատազրկման՝ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանվել էր երկու տարի ժամկետով փորձաշրջան։ Դատարանը հաստատված էր համարել, որ 2008թ. մարտի 1-ին վաղ առավոտյան «Ազատության» հրապարակում ծավալված իրադարձությունների ընթացքում նա, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ ու տվել բռնություն գործադրելու սպառնալիքներ:
Դատավճիռները պաշտպանության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը, սակայն, բողոքով վարույթները կարճել էր դատական նիստին ամբաստանյալների, նրանց պաշտպանների չներկայանալու պատճառաբանությամբ՝ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով և անփոփոխ էր թողել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
ՀՀ գլխավոր դատախազությունը նախ ՀՀ վճռաբեկ դատարան, ապա ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքով հիմնավորել էր, որ գործով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը:
Սա 2008թ. նախագահական ընտրոթյունների շրջանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գործերով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ վճռաբեկ կամ ՀՀ վերաքննիչ դատարաններ ներկայացված թվով 3-րդ բավարարված բողոքն է: Մինչ այս դատախազության բողոքների հիման վրա արդարացման որոշումներ էին ընդունվել Մուշեղ Սաղաթելյանի, Սմբատ Այվազյանի վերաբերյալ գործերով: Եվս մեկ՝ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատախազության կողմից առարկություն չներկայացվելու պայմաններում կայացվել է արդարացման որոշում»: