Փաշինյան-Ալիև Մյունխենյան հանդիպման մասին շատ է խոսվել ու դեռ կխոսվի։ Բայց առաջին արձագանքը, որ միտքս եկավ՝ ամերիկյան դեդեկտիվ ֆիլմերի տպավորիչ արտահայտությունն է՝ «Այն ինչ կասես հիմա, կօգտագործվի քո դեմ դատարանում»։
Նման կարգի հանդիպումների ժամանակ ի լուր աշխարհի հեռարձակվող ֆորմատով, մեր վարչապետն ինչ ասի հակառակորդը դա կարող է օգտագործել ոչ միայն նրա դեմ, այլև՝ մեր երկրի։ Հարկ է նման հանդիպումներից առաջ լավ պատրաստվել, պատրաստվել գերազանցիկ ուսանողի համառությամբ, աշխատասիրությամբ ու վստահությամբ։ Երբ ամբողջ սեմեստր գիտելիք ես ձեռք բերում, իսկ քննությունից առաջ պարապում ողջ հարցաշարը, թեպետ քննության ժամանակ քեզ կհարցնեն դրանցից միայն երեքը, բայց վաստահ ես, որ հարցերն էլ ընկնեն դու պատրարստ ես։ Ցավոք, մեր վարչապետն իր ապրած տարիների ընթացքում գիտելիքի անհրաժեշտ պաշար ձեոք չի բերել, իսկ գործի բերումով էլ չի տիրապետել անհրաժեշտ ինֆորմացիայի, ու այժմ կարևոր հանդիպումներից առաջ մի քանի հարցի նախապատրաստվել, երբ չգիտես, թե հակառակորդն ինչ հարցեր կարծարծի, դա կարող է հանգեցնել լիակատար ֆիասկոյի։ Անգամ խնդիրն այն չէ, թե Ալիևն ավելի հաջող հանդես եկավ, իրականում կարելի է ասել, որ այդ հանդիպման ժամանակ երկուսն էլ խայտառակ վատ հանդես եկան, ու եթե անգամ գրանցվեց ոչ ոքի, դա մեզ համար հավասարազոր է պարտության։ Պետք է գիտակցել, որ մեր հակառակորդ պետության հետ մենք նույն դիրքում չենք, բավական է նշել, որ Ադրբեջանը էներգառեսուրսներ արտահանող երկիր է, Իսլամական համագործակցության կազմակերպության և ՎՈՒԱՄ անդամ է, երբ այդ կառույցների հետ մենք որևէ առնչություն չունենք, ու եթե մենք ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ ենք, ապա այդ համակարգերի անդամ երկրները մեր ու Ադրբեջանի միջև հավասարության նշան են դնում, այն դեպքում, երբ Ադրբեջանն անդամ չէ այդ կառույցներին։ Եթե մեր ռազմավարական դաշնակիցը ՌԴ-ն է, ապա այդ երկրին Ադրբեջանի հետ այնքան կապող շահեր ունի, որ ՌԴ-Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը ցածր չէ իր մակարդակով ՌԴ-ՀՀ ռազմավարական դաշնակցությունից։ Եվ վերջապես, միջազգային հանրության աչքում Ադրբեջանն է տարածքներ կորցրել, իսկ այն, որ ինքն է նախահարդաձակ եղել, դա արդեն մոռացվել է շատերի կողմից։ Այնպես որ մեր հակառակորդի հետ ցանկացած բարձր մակարդակի բանավեճից առաջ ցուցատախտակի վրա հաշիվը նախապես 5։0 է գրված լինում՝ հօգուտ մեր հակառակորդի, ու նրա հետ ոչ ոքին մեզ համար պարտություն է։ Իսկ մենք տեսանք Փաշինյանի լիակատար ոչ կոմպետենտությունը նման հանդիպումների պարագայում։
Ու որևէ արդարացում չկա, թե Ալիևն ավելի փորձառու է, քան Փաշինյանը, նա իր երկրն է ներկայացնում, Փաշինյանը՝ մեր։ Ու երբ տեսնում ենք, թե օրվա մեջ ինչ անիմաստ գործերով է զբաղվում մեր վարչապետը, միայն նրա համար, որ իր հանդեպ դրական իմիջ ձևավորի, ինչը նրա մոտ ոչ մի կերպ չի ստացվում, այդ ժամանակը կարող է ծախսել ու մեր համար ամենակարևոր թեմային այնպիսի լրջությամբ ծանոթանա, որ հանդիպումների ժամանակ շահեկան դիրքում հանդես գա։
Եթե Ալիևը Խոջալուի սպանդից է խոսում, ու հայկական կողմին մեղադրում, Փաշինյանը չպետք է ներքաշվեր Խոջալուն Ադրբեջանի վրա բարդելով ու հղում աներ Ադրբեջանի նախկին նախագահի ինչ որ հարցազրույցի վրա, որը ցանկացած պահի այդ նույն նախկին նախագահը կարող է հերքել, այլ պետք էր հակադրել Սումգայիթի ու Բաքվի կոտորածները, Հունգարիայում կացնահարված Գուրգեն Մարգարյանի փաստը, Ապրիլյան պատերազմի ժամանակ գերի ընկած մեր զինվորների ու խաղաղ բնակչության խոշտանգումների դեպքերը, այս տարիներին մոլորված ու պատահական Ադրբեջանի տարածքում հայտնված մեր քաղաքացիներին խոշտանգելու դեպքերը և այլն։ Այսինքն Խոջալուի հետ կապված Ալիևի մեղադրանքին պետք էր հպանցիկ ասել, որ եթե համարում եք, որ վիճելի է, թե Խոջալուի ջարդն ով է կազմակերպել, մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը, իրենք էլ համարում են, որ հայկական, բայց ակնհայտ է, թե վերը թվարկածներն ովքեր են արել, ու դրանք արձանագրված են միջազգային կազմակերպությունների կողմից։
Ալիևի կողմից պատմական հարցեր առաջ քաշելն այնքան ոգևորեց Փաշինյանին, որ նա կարծեց, թե դա մեր ուժեղ կողմն է, չէ՞ որ մենք պատմական երկիր ենք, մեր վարչապետն էլ ջրի պես գիտի այդ հարցերի պատասխանները, իրականում ցույց տվեց, որ ոչ մի պատկերացում էլ չունի մեր պատմությունից։ Իսկ թվում է, թե իր մրցակցային առավելությունը որ օգտագործեր՝ Տիգրան Մեծին հիշատակելով, իրականում նման բանավեճերի մակարդակում դա մեզ համար ոչ է առավելություն է ապահովում, այլ՝ թերություն։ Տիգրան Մեծի թեման այլ հարթակների քննարկման հարց է, իսկ Ալիևին «շշել», թե երբ մենք Տիգրան Մեծ ունեինք, դուք քարտեզի վրա չկայիք, Փաշինյանը մոռանում է, որ աշխարհի գերտերություններն էլ, ուժի կենտրոնների շատ երկրներն էլ, որ մեր երկրի ու Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում լուրջ դերակատարություն ունեն, նրանք էլ քարտեզի վրա չկային։ Այսինքն դու փորձում ես «կերցնել» Ալիևին, բայց հարված ես ուտելու ուրիշ կողմից, որ քեզ համարելու են ամբարտավան, որ հաշվի չի առնում աշխարհում ուժերի իրական հարաբերակցությունն ու շատ երկրների պատմական անցյալը։ Եվ վերջապես ազգային հպարտության ու ազգային սնափառության սահմանը շատ բարակ է ու այն անցնում է գրագիտության ու անգրագօտության նուրբ սահմանով։ Աշխարհին երբ ուզում ենք անհամեստորեն հիշեցնել մեր պատմական դերը՝ որպես երբեմնի աշխարհակալ պետություն, երեք հարյուր հազար քառակուսի կիլոմետր տարածքով, չպետք է մոռանանք, որ այժմ ՌԴ-ն 17․2 մլն քառակուսի կիլոմետր է, ԱՄՆ-ն՝ 9,5 մլն, իսկ Բրիտանական կայսրությունն իր հզորության գագաթնակետին հասած ժամանակ՝ 32 միլիոն քառակուսի կիլոմետր։ Մեր երբեմնի ծովից-ծով Հայաստանը չհակադրենք օվկիանոսից–օվկիանոս այժմյան գերտերություններին, կարող է մեզ սխալ հասկանան։
Էլ չեմ խոսում՝ Արցախի ներկայացուցիչ արտահայտության մերժելի լինելու մասին։ Չպետք է մոռանալ, որ մենք հասկանում ենք, որ Արցախը ՀՀ անբաժանելի մասն է, որ օրգանապես կապված է ՀՀ-ի հետ, բաց միջազգային հանրության համար, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հարցը, մենք խոսում ենք Արցախի անկախ պետության, թեկուզ չճանաչված, անկախության ու ինքնիշխանության մասին, խոսում ենք նրա ինքնորոշման իրավունքի մասին, որի կամարտահայտման երաշխավորն է ՀՀ-ն։ Հենց հրաժարվում ենք Արցախի անկախությունից, Ղարաբաղյան հարցը դառնում է տարածքային վեճ՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև, ու մեր բանակցային դիրքերն էլ շատ են թուլանում, երբ ազատագրված տարածքները համարում ենք անվտանգության գոտի։ Ստացվում է, որ եթե Արցախի անվտանգությունը միջազգայնորեն երաշխավորվի, մենք փաստարկ չենք ունենալու դրանք չվերադարձնելու հարցում։
Փաշինյանի կողմից անլուրջ էր ասել, թե իրա տղան կամավոր է մեկնել Արցախ։ Ադրբեջանի հետախուզական ծառայությունում խոտ չեն ուտում, ոչ չիմանան, որ Արցախ Հայաստանից մեկնում են ոչ կամավոր, և ինչ մեխանիզմով է դա կատարվում։ Փաշինյանը չկարողացավ համոզիչ հիմնավորել, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, ու բնական է, որ պետք է պաշտպաներ իր հայրենակիցների անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում նաև զենքը ձեռքին, ու պետք չէ դրան ֆիդայական ժամանակներին բնորոշ բացատրություն տալ, ժամանակներն առաջ են գնացել։
Մի խոսքով, Փաշինյանը պետք է հասկանա, որ ինքը որակապես պետք է բարձր լինի իր հակառակորդից, ջախջախիչ հաղթանակ տանի, որ վերը թվարկածս Ադրբեջանի մրցակցային առավելությունը չեզոքացնի միջազգային հանրության ոչ այնքան կողմնակալ աչքերում։