Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ուղղակի չպետք է թույլ տալ, որ պարտված երկրի ղեկավարն այդ աստիճան լկտիանա...
Ադրբեջանի նախագահի և առհասարակ՝ այդ երկրի հետ ցանկացած ձևաչափում պետք է խոսել հաղթողի, թելադրողի , օրակարգ ստեղծողի և պայմաններ առաջադրողի դիրքերից՝ հիմնվելով պատերազմի արդյունքների, ինչպես նաև Արցախի ներկա իրողությունների վրա: Ինձ համար ոչ միայն հասկանալի չէ, այլև բացարձակապես անընդունելի է պարտված պետության ղեկավարի հեգնախառն վարքագիծն ու մերթընդմերթ ցուցադրվող քմծիծաղը:
Ադրբեջանի նախագահի հետ պետք է խոսել քաղաքակիրթ, բայց կոշտ, հստակ ու համոզմունքով՝ հիմնված կոնկրետ իրողությունների, փաստաթղթերի և հակամարտության պատմության իրական փաստերի վրա: Ուղղակի չպետք է թույլ տալ, որ պարտված երկրի ղեկավարն այդ աստիճան լկտիանա...
Մեկ անգամ նշել եմ, այժմ կրկին պնդում եմ, որ Ալիևի հետ, բոլոր դեպքերում, պետք է խոսել ‘’Չափդ ճանաչի’’ տոնով, հակառակ պարագայում, դատելով նրա դրսևորած վարքագծից, պարզ է դառնում, որ նրանց պատկերացումներն Արցախի հակամարտության կարգավորման հեռանկարի առումով որևէ աղերս չունի ոչ միայն մեր պատկերացումների, այլև պատերազմի արդյունքի հետ...
Ակնհայտ է, որ այսպիսի դիրքորոշման պայմաններում Ադրբեջանը վաղ թե ուշ փորձելու է կրկին անգամ դիմել ռազմական ավանտյուրայի' մեր տարածաշրջանը երկար տարիներ մխրճելով անկայունության փոսը:
Այսօրվա հրապարակային դեբատը կարևոր իրողություն էր՝ հասկանալու համար, թե այսուհետ ինչպես և ինչ տոնայնությամբ ու շեշտադրումներով պետք է խոսել Ադրբեջանի հետ...»: